ՂԱԶԱՆՉԵՑՈՑ ՍՈՒՐԲ ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵԿԵՂԵՑԻՆ ՈՐՊԵՍ ԱՐՑԱԽԻ ԹԵՄԻ ՆՍՏԱՎԱՅՐ – 2024-1 Վահրամ Ռ. Բալայան, Մելանյա Գ. Բալայան 2020 թ. սեպտեմբերին 27-ին սկսված ու 44 օր տևած ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիան և 2023 թ. սեպտեմբերի 19-ին սանձազերծված պատերազմական գործողություններն ու արցախահայության բռնի տեղահանությունը կործանարար հետևանքներ ունեցան հայ ժողովրդի համար: Չբավարարվելով այդ ամենով, Ադրբեջանը մշակութային արժեքները ոչնչացնելու լայնածավալ գործողություններ է ձեռնարկել՝ Արցախից հայկական հետքը վերացնելու համար: Թշնամու թիրախում առաջին հերթին հայտնվել են հայկական եկեղեցիները, վանքերը, խաչքարերը, մասնավորապես՝ Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ Մայր տաճարը, որը 19-րդ դարի սկզբներից մինչև 2020 թ. ողբերգական դեպքերը մշտա- պես եղել է Արցախում ծավալված հոգևոր-մշակութային ու քաղաքական գործընթացների կիզակետում: