ՊԱՏՄԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԵՄ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ – 2024-3

«Հին օրերի» վերաիմաստավորման արդիականությունը

Սերգեյ Ա. Աղաջանյան
Բանասիր. գիտ. դոկտոր

Հաճախ կարելի է լսել որպես աքսիոմատիկ ճշմարտություն ասվող միտքն այն մասին, որ պատմությանը բնորոշ է կրկնվելու հատկանիշը։ Մինչդեռ հարցին գիտականորեն մոտենալու պարագայում կարող ենք եզրակացնել, որ անգամ տեսականորեն պատմությունը չի կարող կրկնվել: Իրականությունն այն է որ մեր շուրջ տեղի ունեցողի պատճառը մեր մեջ փնտրելու փոխարեն դա ընդունում ենք որպես պատմական անհրաժեշտություն և որպես մեղավոր ենք նշանակում պատմությունը: Պատմության կրկնվելու նույնիսկ հավանականությունը բացառվում է այն պարզ պատճառով, որ յուրաքանչյուր ժամանակաշրջանին բնորոշ սոցիալ-քաղաքական գործընթացներն անշրջելի են: Պատմությունը ժամանակի հոսքն է, որը հետընթաց չունի: