ԽՈՐԵՆԱՑԻԱԿԱՆ ՀԱՅԿԱԿԻ ԵՎ ՆՐԱ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԱՎԱՆԱԿԱՆ ՆԱԽԱՏԻՊԵՐԻ ՇՈՒՐՋ – 2024-3 Սարգիս Գ․Պետրոսյան (Գյումրի) Պատմ․ գիտ․ դոկտոր Մ․ թ․ ա․ III հազարամյակի երկրորդ կեսի առաջին դարերում Մեր- ձավոր Արևելքի քաղաքական կյանքում տեղի էին ունեցել աշխարհացունց իրադարձություններ. Միջագետքում ստեղծվել, ապա կործանվել էին առաջին աշխարհակալությունները։ Հայկական լեռնաշխարհի բնակիչները, լինելով միջագետքցիների հարևանները, կրել են դրանց բացասական հետևանքները թե՛ Սարգոն և թե՛ Նարամ-Սուեն բռնապետերի հետ ունեցած առճակատման տեսքով։Ժամանակաշրջանի էբլայական և աքադական արձանագրություններում որոշակի տեղեկություններ կան Արմի/Արմանում երկրի ու իր թագավորների՝ դրանցում ունեցած մասնակցության վերաբերյալ։ Դրանց հիշատակները պահպանված են եղել նաև խեթական և հայոց հին (նախամաշտոցյան) պատմագրություններում, որոնցից թափանցել են մի կողմից՝ հունական ինչ-որ աղբյուրի մեջ, իսկ մյուս կողմից՝ տեղ գտել Մովսես Խորենացու երկում։