ՀԱԿՈԲ ԳՅՈՒՐՋՅԱՆ․ ՇՈւՇԻԻՑ ՓԱՐԻԶ – 2024-3

Աիդա Գ․ Հարությունյան

Ամփոփում

Բանալի բառեր – Հակոբ Գյուրջյան, Հայաստան, Արցախ, Շուշի, հայ քանդակագործություն, դիմապատկեր, դիմաքանդակ, 20-րդ դարի ֆրանսիական արվեստ, Օգյուստ Ռոդեն, Արևելք և Արևմուտք։

XIX դարի երկրորդ կեսից Շուշիի մասին գրող հայկական, ռուսական և օտարալեզու աղբյուրները այն առանձնացնում են որպես մշակութային կենտրոն: Շուշիում մեծ ակտիվություն ուներ թատերական և երաժշտական կյանքը. թատերական կյանքը լիարժեք և կանոնավոր ընթացք է ստանում Մկրտիչ (Նիկիտա) Խանդամիրյանի փարիզյան ուղևորություններից վերադառնալուց հետո: 1895 թ. այստեղ երգչախումբ են կազմակերպել և համերգներ տվել Գ. Միրզոյանը, Ս. Դեմուրյանը, Ք. Կարա-Մուրզան, որը, շրջագայելով Արցախում, հավաքագրել է բազմաթիվ ժողովրդական երգեր։

Այս ամենը նաև հասարակական ազդեցության մեծ շրջանակ է ընդգրկել և ներգրավման առումով ունեցել է բարեփոխիչ և միջավայր սահմանող դեր: Հակոբ Գյուրջյանի առօրյայում նույնպես մշակութային այս ներկայությունն ակտիվ էր, բացի այդ՝ նրա վրա մեծ ազդեցություն է թողել ազգագրագետ, բանահավաք, հնագետ Երվանդ Լալայանը, որը Շուշիի ռեալական ուսումնարանում Հակոբ Գյուրջյանի հայոց լեզվի ուսուցիչն էր: Նրա շնորհիվ՝ Գյուրջյանը շրջում է ամբողջ արևելահայաստանով, այցելում է հատկապես եկեղեցիներ, և այդ փորձառությունը, անշուշտ, անջնջելիորեն տպավորվում է նրա հիշողության մեջ:

Հայ քանդակագործ Հակոբ Գյուրջյանը ձևավորվում է որպես անհատ Շուշիի թատերական, երաժշտական, ազգագրական իրականության խորապատկերում և գնալով ավելի ու ավելի է մոտենում «քանդակագործ» հասկացությանը։

Շարունակելով կրթությունը Մոսկվայում և քանդակագործական ուղղորդում ստանալով այն միջավայրերից, որտեղ գտնվում էր, Գյուրջյանն ի վերջո հայտնվեց Ֆրանսիայում, որտեղ «քանդակագործ» հասկացության հետ նրա կապը հասավ անքակտելիության։ Կրթության այսպիսի աշխարհագրությունը սահմանում և ձևակերպում է Գյուրջյանի արվեստի զարգացման ընթացքը և բնույթը։ Բացի այդ՝ Գյուրջյանը թանգարանային այցերի, ինքնուրույն ուսումնասիրությունների և Օգյուստ Ռոդենի արվեստանոցում աշխատելու շնորհիվ ստեղծում է իր քանդակային լեզուն և տեսողական այն «բառարանը», որը նկարագրում է նրան որպես արվեստագետ։ Լինելով տարբեր մշակույթների ու միջավայրերի անմիջական կրողը և անցյալից ներբերելով այնպիսի տարրեր, որոնք նույնիսկ ժառանգական չեն, Գյուրջյանը ստեղծեց իր ոճը, որտեղ հանդիպում են Արևելքն ու Արևմուտքը։

Քանի որ Գյուրջյանի արվեստը «կառուցվել է» հայկական մշակույթի հիմնաքարերով և ի վերջո հաստատվել է Ֆրանսիայում, ներկա հոդվածում ներկայացվում են աշխարհագրական և մտավոր այն իրողությունները, որոնք եղել են նման կառույցի ստեղծումից առաջ և դրա ընթացքում։