ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՎՈՐԱՍԻԱԿԱՆ ԵՎ ԱՐԵՎԵԼԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ 19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԵՐԻՆ 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲՆԵՐԻՆ

Պարսկաստանում 1907 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներից և Օսմանյան կայսրությունում 1908 թ. հուլիսյան հեղաշրջումից հետո նկատելիորեն ընդլայնվեց ՀՅ Դաշնակցության քաղաքական դերակատարությունը Իրանի ու Թուրքիայի ներքաղաքական գործընթացներում։

Այս սկզբունքորեն նոր կացության մեջ, երբ Կ. Պոլիսը հայտնվել էր հեղափոխական կարգախոսներով քողարկվող միջազգայնականության պրոֆանացիայի մթնոլորտում, պարսիկ սահմանադրականները մտածում էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն իրական աջակցություն ցուցաբերելու մասին։ Նման իրավիճակում հենց Պարսկաստանն էր դառնում քաղաքական այն գործելադաշտը, որը նախընտրելի էր ինչպես Ռուսաստանից, այնպես էլ եվրոպական երկրներից ժամանող հեղափոխականների համար։ Անշուշտ, Թեհրանում հակահեղափոխականների ժամանակավոր հաղթանակից գրեթե մեկ տարի անց՝ 1908 թ. հուլիսին թուրքական «Հուրիեթի» առաջ բերած ոգևորությունը որոշակի ազդեցություն էր գործում հակաշահական դիմադրության նոր կենտրոնի վերածված Թավրիզի պաշտպանների վրա։ Բայց հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ նրանց համար նույնպես «թուրք ընկերներից» լուրջ օգնություն ակնկալելն անիմաստ է և նույնիսկ վտանգավոր։ Պատճառն այն է, որ 1905-1907 թվականներին թուրքական զորքերը հասցրել էին ռազմակալել Պարսկաստանի սահմանամերձ գավառները, իսկ 1908-1909 թվականների ձմռանը հակահեղափոխականների կողմից պաշարված Թավրիզում թուրքական հյուպատոսը փորձում էր իր կողմը գրավել ապստամբների առաջնորդ Սաթթար խանին։ Բայց քանի որ դաշնակցական Եփրեմ Դավթյանի ոչ մեծ զորաջոկատի 1909 թվականի փետրվար-հունիսյան արշավանքի ծանրությունը հիմնականում ընկավ հայ մարտիկների ու մի խումբ կովկասցիների ուսերին, բռնակալ շահից ազատված Թեհրանը վերականգնեց իր առաջնությունը, իսկ Թավրիզը համաիրանյան պայքարից շեղելու փորձերը փակուղի մտան։ Առավել ևս, որ Թեհրանի մատույցներում Եփրեմ Դավթյանի զորաջոկատին միացավ նաև բախտիարների ցեղախմբի հակաշահական տրամադրություններ ունեցող հատվածը։ Ուստի ի տարբերություն Թուրքիայում բանակի միջոցով կազմակերպված պետական հեղաշրջման՝ Պարսկաստանում հեղափոխական կերպարանք ստացող պայքարը արժանացավ միջազգային հեղափոխական շրջանակների ավելի մեծ ուշադրությանն ու աջակցությանը։

Ներկայումս Իրանում ընթացող ներքաղաքական գործընթացների լույսի ներքո արդիական նշանակություն է ձեռք բերում ինչպես Սահմանադրական հեղափոխության հարուստ փորձի, այնպես էլ նրանում ակտիվ մասնակցություն ունեցած հայ հեղափոխականների գործունեության համակողմանի ուսումնասիրությունը։ Կարևոր է նաև Իրանի նման բազմազգ երկրի առաջընթացը ներքին միասնության ու տարածքային ամբողջականության պահպանման հետ զուգորդելու պարսկական նուրբ աշխատակարգերի քննությունը։ Խիստ ուսուցողական առաջադրանք է տարբեր ազգեր ներկայացնող հեղափոխականների՝ Իրանի պետականությանն ու ժողովրդին ցուցաբերած աջակցության պրոցեսում կողմերից յուրաքանչյուրի ունեցած ակնկալիքների բացահայտումը։ Քանզի ներկայումս ներքաղաքական լուրջ գործընթացների շեմին կանգնած Իրանում նկատվում են ինչպես Սահմանադրական հեղափոխության առաջին տարիները հիշեցնող սուր կատակլիզմներ, այնպես էլ ժամանակի պահանջներով թելադրվող՝ խաղաղ ու անցնցում բարեփոխումների հնարավորություններ։