Tag Archives: Թուրքիա

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

Արդի հայագիտությունը 2024 թվականին արգասավորվեց գերմանալեզու մի արժեքավոր աշխատությամբ, որի համահեղինակներն են վաստակաշատ հայագետներ գերմանացի պրոֆ․ Թեսսա Հոֆմանը և նորվեգացի դր․ Վինֆրիդ Կ․ Դալմանը։ «Հայաստանի աշխարհաքաղաքական ճակատագիրը․ անցյալ և ներկա» վերնագրով ստվարածավալ աշխատությունն ինքնատիպ և խիստ արժեքավոր է մի շարք տեսանկյուններից։ Նախ՝ դրանում ներկայացված է հայ ժողովրդի ամբողջական պատմությունը ակունքներից մինչև մեր օրերը, ընդ որում՝ գիտական լուսաբանում են ստանում տարբեր դարաշրջանների վերաբերող այն հարցերը, որոնց շուրջ օտար ուսումնասիրողների տեսակետները միշտ չէ, որ անկողմնակալ են եղել։ Երկրորդ՝ աշխատությունը բաղկացած է երկու բաժիններից և 18 գլուխներից. առաջին բաժնի տասը գլուխներում ներկայացված է հայոց հազարամյակների պատմությունը ընդհուպ մինչև Հայաստանի երրորդ հանրապետության հռչակումը, իսկ երկրորդում ութ գլուխներով լուսաբանվում են դրան հաջորդած մոտ երեսունհինգ տարվա իրադարձությունները։ Դա ինքնին փաստում է, թե հեղինակների համար որպիսի կարևոր առաջնահերթություն է եղել հաղթանակներով և պարտություններով, նաև չլուծված խնդիրների առատությամբ բնորոշվող նորագույն շրջանի հետազոտությունը, որի առանցքը կազմում են Արցախյան հակամարտությունն ու դրա համատեքստում ծավալվող իրադարձությունները։ Գրքի կարևոր արժանիքն է նաև այն հանգամանքը, որ շարադրանքը ծայրից ծայր «քարտեզագրված» է։ Այլ կերպ ասած՝ տարբեր ժամանակաշրջաններում Հայաստանը ներկայացնելիս պատկերված են նաև համապատասխան քարտեզներ, որոնցով նյութի մատուցումն ավելի առարկայական, իսկ հեղինակային եզրակացութուններն ու ընդհանրացումներն՝ անառարկելի են դառնում։

Աշխատությունը, որում բազմակողմանիորեն լուսաբանվում են ոչ միայն Հայաստանի և արցախյան հակամարտության, այլև հայկական սփյուռքի պատմությունը, մի յուրօրինակ հանրագիտարան է կամ դասագիրք նրանց համար, ովքեր կցանկանան խոր և ամբողջական գիտելիքներ ձեռք բերել ինչպես այդ հարցերի, այնպես էլ դրանց համատեքստում տեղի ունեցած տարածաշրջանային ու միջազգային իրադարձությունների վերաբերյալ։

ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳՆ ՈՒ ՀԻՆ ԹՈՒՐՔԻԱՆ

Ներկա հրապարակումը բացահայտում է մոտ մեկ տասնամյակ առաջ Չինաստանի և ապա Ռուսաստանի ղեկավարության հանդեպ Ռ. Էրդողանի կիրառված քաղաքական շանտաժի տեխնոլոգիաները և դրանք համեմատում գերտերությունների հակասություններից օգտվելու՝ Անկարայիվերջին փորձերի հետ։

Հիշեցնենք, որ տարիներ շարունակ Չինաստանին Սինցզյանում ցեղասպանություն իրականացնելու մեջ մեղադրող Ռ. Էրդողանը 2017 թվականին կարողացավ լեզու գտնել նրա հետ «եղբայր ույղուրներին» զոհաբերելու միջոցով, իսկմինչ այդՍիրիայի սահմանին ռուսական ինքնաթիռ խոցելուց հետո շահավետ գազային պայմանագրեր կնքեց Ռուսաստանի հետ ու միևնույն ժամանակ ամրապնդեց «եղբայր Իլհամի» դիրքերը Հարավային Կովկասում։ Այժմ էլ ԱՄՆ-ի հետ տարիների լարված հարաբերություններից հետո Ռ. Էրդողանը հասնում է Սիրիայում իր հաստատած «եղբայր Աշ Շարաայի» ցեղասպանական վարչակարգի լեգիտիմացմանն ու միևնույն ժամանակ փորձում է հորինել Ղրիմի ռուսական կարգավիճակի դիմաց «Զանգեզուրի միջանցք» ստանալու տարբերակը։

Հրապարակման մեջ ներկայացվում է,որ գերտերությունների թուլությունների վրա խաղացող Ռ. Էրդողանը փորձում է նաև վարպետորեն օգտագործել ամերիկյան նոր վարչակազմին բնորոշ պարզունակ օգտապաշտութունը, ինչը կապված է ԱՄՆ-ի պետական պարտքի զսպման ու դոլարի արժեզրկումը կանխելու նպատակների հետ։Ներկա տարեսկզբին Թրամփի վարչակազմըդեռ չէր հասցրելհստակեցումներ մտցնելամերիկա-չինական հարաբերություներում,երբ առաջացած ճեղքի մեջ տեղավորվելու համար Թուրքիայի նախագահն ապրիլի 22-ին Չինաստանայցելած Իլհամ Ալիևի միջոցով պաշտոնական Պեկինին հիշեցրել էթուրք-չինական 2017 թվականի համաձայնու թյամբ նախատեսված փոխադարձ պարտավորությունների մասին՝ Ադրբեջանին նույնպես դարձնելով դրանց մասնակիցը։ Ի նկատի ունենալովռուս-ամերիկյան հարաբերությունների բարելավման անխուսափելիությունից բխող՝ «Անտանտա-2»-ի ձևավորման հեռանկարը, Թուրքիանորոշակի անվտանգային երաշխիքներէ կորզել Չինաստանից՝ իր տարածքային ամբողջականութան պահպանման հարցում։ Պարզ է, որ այժմԱդրբեջանին խաղի մեջ մտցնելուց հետո, դրանք օգտագործվելու են Հարավաին Կովկասում Չինաստանին միջանցքներ փորող գործիքի վերածելու համար։

Եզրակացությունը բացահայտում է այն իրողությունը, որ նախկին երկբևեռ աշխարհակարգի վերականգնման հետ կապվող Թուրքիայի ղեկավարության հույսերն առայժմ լուրջ հիմքեր չունեն։ Գլոբալ մակարդակում մրցակցութունը ծավալվում է ոչ թե քանակական, այլ որակական ռեսուրսների շուրջ, որոնցից երկրորդի առյուծի բաժինը մնում է ԱՄՆ-ի վերահսկողության տակ։ Ավելին՝ Թուրքիայի բազմաբևեռ խաղերը արդեն սկսել են անհանգստացնել նրա հովանավոր Մեծ Բրիտանիային։ Ուստի նախապես տեղակ լինելով իր հին բարեկամի՝ բրիտանական հետախուզության ղեկավար Ռիչարդ Մուրի առաջիկա հրաժարականի մասին, Ռ. Էրդողանը դեռ անցած տարեվերջից սկսել է քայլեր ձեռնարկել քրդական հարցի լուծման համար։

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ 2024 ԹՎԱԿԱՆԻՆ

Անկարայի համալսարանում ուսանած Աբդուլլահ Օջալանը 1978 թ. ստեղծելով Քրդստանի բանվորական կուսակցությունը՝ Թուրքիայում քրդերի հակաթուրք պայքարի հերթական հանգրվանի սկիզբը դրեց: 1984 թ. այդ պայքարը վերածվեց ապստամբության, որը փաստորեն շարունակվում է մինչ օրս՝ տարբեր հաշվարկներով երկու կողմերից խլելով մոտ հիսուն հազար մարդու կյանք:

Ապստամբությունից կարճ ժամանակ անց Ա. Օջալանը ստիպված էր անցնել Սիրիա, որտեղ նախագահ Հաֆեզ Ասադը նրան ապաստան տվեց և ընդհուպ մինչև 1998 թվականը ՔԲԿ-ի գործունեությունը կառավարվում էր Սիրիայից: Սակայն 1998 թ. աշնանը Սիրիայի իշխանությունները քաղաքավարի կերպով ազատվեցին Օջալանի ներկայությունից: Ուստի որոշ ժամանակ Ռուսաստանում թաքնվելուց հետո, Օջալանը 1999 թ. հունվարին Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում ձերբակալվեց թուրքական հատուկ ծառայությունների կողմից և տեղափոխվեց Իմրալը կղզում գտնվող բանտը, որտեղ էլ պահվում է մինչ օրս:

Բայց 1984 թվականից մինչև Պարսից ծոցի պատերազմը (1991 թ.) քրդական հարցը հիմնականում գտնվում էր Թուրքիայի ներքաղաքական օրակարգում: Գիտակցելով այդ իրողությունը՝ թուրքական իշխանությունները նախընտրական քարոզարշավների ժամանակ հաճախ խախտում էին քրդերի հետ ձեռք բերված զինադադարի պայմանավորվածությունները՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչերով շահելով թուրք ազգաբնակչության քվեները:

Սակայն Պարսից ծոցի պատերազմի հետևանքով Հյուսիսային Իրաքում ստեղծվեց Քրդական ինքնավարություն, որը սկզբում լրջորեն անհանգստացրեց թուրքական իշխանություններին։ Առավել ևս, որ Թուրքիայում իրենց դեմ պատերազմող ՔԲԿ-ի ջոկատների մի մասն անցավ Քրդական ինքնավարության տարածք և այնտեղից էր հարձակումներ գործում թուրքական զորքերի վրա: Թուրքական իշխանությունները դրան պատասխանեցին ինչպես ուղղակի ռազմական ներխուժումներով, այնպես էլ տարբեր քրդական խմբավորումներին զինելով և իրար դեմ տրամադրելով: Այդ նպատակով վարչապետ Թուրղութ Օզալի իշխանության ժամանակ թուրքական հատուկ ծառայությունները շուրջ 100 000 միավոր զենք մատակարարեցին Ջալալ Թալաբանիին, բայց միաժամանակ համագործակցում էին նաև Բարզանիների հետ: Ի վերջո, Ռ. Թ. Էրդողանին հաջողվեց ի դեմս Նեչիրվան Բարզանիի ձեռք բերել հուսալի դաշնակցի, որի շնորհիվ՝ Բարզանիներին պատկանող Քրդստանի դեմոկրատական կուսակցության զինված ուժերը՝ Փեշմերգան, ոչ միայն չի պայքարում թուրքերի դեմ, այլև ընդհակառակը՝ վերջիններիս հետ միասին դիմակայում է ՔԲԿ-ի ջոկատներին: Ուստի ներկայումս Իրաքի Քրդական ինքնավարության կողմից Թուրքիային վտանգ չի սպառնում: Բայց չպետք է մոռանալ, որ Քրդստանի դեմոկրատական կուսակցությունը (ՔԴԿ) կապված է նաև ամերիկացիների հետ։ Ավելին, Բարզանիները ավելի շատ կախված են ամերիկացիներից, ինչը կարող է որոշիչ դառնալ թուրք-ամերիկյան հարաբերությունների բարդացման ժամանակ՝ ի նկատի ունենալով նաև Իսրայելի դերակատարության մեծացումը:

ՀՅ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՋԱՎՈՐԱՍԻԱԿԱՆ ԵՎ ԱՐԵՎԵԼԱԵՎՐՈՊԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐՈՒՄ 19-ՐԴ ԴԱՐԻ ՎԵՐՋԵՐԻՆ 20-ՐԴ ԴԱՐԻ ՍԿԶԲՆԵՐԻՆ

Պարսկաստանում 1907 թվականի հոկտեմբերին տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումներից և Օսմանյան կայսրությունում 1908 թ. հուլիսյան հեղաշրջումից հետո նկատելիորեն ընդլայնվեց ՀՅ Դաշնակցության քաղաքական դերակատարությունը Իրանի ու Թուրքիայի ներքաղաքական գործընթացներում։

Այս սկզբունքորեն նոր կացության մեջ, երբ Կ. Պոլիսը հայտնվել էր հեղափոխական կարգախոսներով քողարկվող միջազգայնականության պրոֆանացիայի մթնոլորտում, պարսիկ սահմանադրականները մտածում էին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն իրական աջակցություն ցուցաբերելու մասին։ Նման իրավիճակում հենց Պարսկաստանն էր դառնում քաղաքական այն գործելադաշտը, որը նախընտրելի էր ինչպես Ռուսաստանից, այնպես էլ եվրոպական երկրներից ժամանող հեղափոխականների համար։ Անշուշտ, Թեհրանում հակահեղափոխականների ժամանակավոր հաղթանակից գրեթե մեկ տարի անց՝ 1908 թ. հուլիսին թուրքական «Հուրիեթի» առաջ բերած ոգևորությունը որոշակի ազդեցություն էր գործում հակաշահական դիմադրության նոր կենտրոնի վերածված Թավրիզի պաշտպանների վրա։ Բայց հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ նրանց համար նույնպես «թուրք ընկերներից» լուրջ օգնություն ակնկալելն անիմաստ է և նույնիսկ վտանգավոր։ Պատճառն այն է, որ 1905-1907 թվականներին թուրքական զորքերը հասցրել էին ռազմակալել Պարսկաստանի սահմանամերձ գավառները, իսկ 1908-1909 թվականների ձմռանը հակահեղափոխականների կողմից պաշարված Թավրիզում թուրքական հյուպատոսը փորձում էր իր կողմը գրավել ապստամբների առաջնորդ Սաթթար խանին։ Բայց քանի որ դաշնակցական Եփրեմ Դավթյանի ոչ մեծ զորաջոկատի 1909 թվականի փետրվար-հունիսյան արշավանքի ծանրությունը հիմնականում ընկավ հայ մարտիկների ու մի խումբ կովկասցիների ուսերին, բռնակալ շահից ազատված Թեհրանը վերականգնեց իր առաջնությունը, իսկ Թավրիզը համաիրանյան պայքարից շեղելու փորձերը փակուղի մտան։ Առավել ևս, որ Թեհրանի մատույցներում Եփրեմ Դավթյանի զորաջոկատին միացավ նաև բախտիարների ցեղախմբի հակաշահական տրամադրություններ ունեցող հատվածը։ Ուստի ի տարբերություն Թուրքիայում բանակի միջոցով կազմակերպված պետական հեղաշրջման՝ Պարսկաստանում հեղափոխական կերպարանք ստացող պայքարը արժանացավ միջազգային հեղափոխական շրջանակների ավելի մեծ ուշադրությանն ու աջակցությանը։

Ներկայումս Իրանում ընթացող ներքաղաքական գործընթացների լույսի ներքո արդիական նշանակություն է ձեռք բերում ինչպես Սահմանադրական հեղափոխության հարուստ փորձի, այնպես էլ նրանում ակտիվ մասնակցություն ունեցած հայ հեղափոխականների գործունեության համակողմանի ուսումնասիրությունը։ Կարևոր է նաև Իրանի նման բազմազգ երկրի առաջընթացը ներքին միասնության ու տարածքային ամբողջականության պահպանման հետ զուգորդելու պարսկական նուրբ աշխատակարգերի քննությունը։ Խիստ ուսուցողական առաջադրանք է տարբեր ազգեր ներկայացնող հեղափոխականների՝ Իրանի պետականությանն ու ժողովրդին ցուցաբերած աջակցության պրոցեսում կողմերից յուրաքանչյուրի ունեցած ակնկալիքների բացահայտումը։ Քանզի ներկայումս ներքաղաքական լուրջ գործընթացների շեմին կանգնած Իրանում նկատվում են ինչպես Սահմանադրական հեղափոխության առաջին տարիները հիշեցնող սուր կատակլիզմներ, այնպես էլ ժամանակի պահանջներով թելադրվող՝ խաղաղ ու անցնցում բարեփոխումների հնարավորություններ։