Tag Archives: գեղապաշտ մարդ

ԳԵՂԱՊԱՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Ժամանակակից մարդու կենսաշխարհը աստիճանաբար հեռանում է նյութական անմիջականությունից՝ տեղափոխվելով նշանային-խորհրդանշական համակարգերի ոլորտ։

Եթե նախորդ դարաշրջաններում մարդը հաղորդակցվում էր իրերի հետ՝ որպես նյութական իրականության անմիջական բաղադրիչների, ապա ներկայում նրա փորձառությունը միջնորդված է պատկերներով, խորհրդանիշներով, թվային կոդերով և մեդիահոսքերով։ Իրականությունը աստիճանաբար դադարում է ապրելու աշխարհ լինելուց՝ վերածվելով ձևի, պատկերի ու ներկայացման տարածության: Սակայն այս անցումը պայմանավորված չէ բացառապես մարդու ընտրությամբ․ այն նաև հետևանք է տեխնիկական քաղաքակրթության զարգացման։ Տեխնոլոգիաները, ձևափոխելով առարկաների արտադրության և փոխազդեցության եղանակները, վերաձևում են նաև մարդու զգայունությունն ու աշխարհընկալման կառուցվածքը։ Ի վերջո մարդը հայտնվում է այնպիսի միջավայրում, որն ինքնին կոդավորված է գեղագիտական սկզբունքներով։ Շրջապատող աշխարհն այլևս չի ընկալվում որպես արտաքին իրականություն, այլ որպես ինքնավերարտադրվող խորհրդանշական պատմություն, որում «լինելը» աստիճանաբար փոխարինվում է «երևալով»։ Այսինքն՝ մարդն ապրում է ոչ թե աշխարհի ներկայությամբ, այլ նրա ներկայացմամբ, երբ իրականությունն ու պատկերացումը հաճախ միախառնվում են, իսկ առարկաների և հարաբերությունների արժեքը որոշվում է ոչ այնքան նրանց բնական գոյությամբ, որքան նրանց երևակայական և ցուցադրական նշանակությամբ։ Հոդվածի նպատակն է վերլուծել, թե ինչպես են տեխնոլոգիական և գեղագիտական փոփոխությունները վերակառուցում ժամանակակից մարդու աշխարհընկալումը և ձևավորում նոր սոցիալական ու մշակութային փորձառություն, որտեղ իրականությունը դառնում է միջնորդված, խորհրդանշական և գեղագիտականորեն ենթակառուցված։