Tag Archives: գրականագետ

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ ԵՐԵՎՈՒՅԹԸ
Ծննդյան 100-ամյակի առթիվ

Անկասկած է, որ նախորդ դարի ամենից ինքնատիպ ու հետաքրքրական հայ մտածողներից մեկն է Պարույր Սևակն իր գեղարվեստական ու գիտական երկերով, իր գրական դպրոցով։ Եռակի մեծություն է նա իր թողած գեղարվեստական, թարգմանական, գրականագիտական – քննադատական հարուստ ժառանգությամբ, որն արժանի է խոր ու համակողմանի ուսումնասիրության և արժևորման՝ արդի գրականագիտության նվաճումների դիրքերից ու գիտական ստույգ չափանիշների կիրառումով։

Այսօր խոսելով Պարույր Սևակի մասին գրականագետներն ու գրասերները դիմում են նույնիսկ անհարկի ծայրահեղությունների՝ հայտարարելով, թե Պարույր Սևակն է մեր ամենամեծ բանաստեղծը, որովհետև նա մեծ մտածող ու փիլիսոփա է… բանաստեղծության մեջ: Հասկանալի է որ մարդկանց այս տեսակի համար Պարույր Սևակ իրական բանաստեղծը մնում է գրեթե անմատչելի: Մինչդեռ Պարույր Սևակ երևույթը անակնկալ հայտնված երկնաքար չէ, այլ մեր ժողովրդի գեղարվեստական ու գիտական մտածողության օրինաչափ զարգացման արդյունք։ Ուստի նրա մասին խոսողը գոնե նվազագույն չափով տեղյակ պիտի լինի մեր բանաստեղծական մտածողության զարգացման ողջ ընթացքին, հասկանա` ի՛նչ ենք ունեցել Պ․ Սևակից առաջ, որպեսզի ճիշտ արժևորվի նաև Պ․ Սևակն ինքը՝ գրական ու գիտական վաստակով։