Tag Archives: հայտնություն

ՀԱՅՏՆՈՒԹԵՆԱԿԱՆ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՆՐԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԵԶՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԸ

Հայտնութենական ստեղծագործությունների ժանրային հարցերն աստվածաբանական և գրականագիտական հետազոտությունների խնդրահարույց հանգույցներից են։ Թեև Աստվածաշնչյան գրականության ընկերության 1979 թվականի սահմանումը ժանրի ուսումնասիրության համար առաջարկել է հստակ մեթոդաբանություն, հայտնությունների սահմանման ու դասակարգման հարցերը մնում են մասնագետների գիտական հետաքրքրությունների շրջանակում։ Մասնավորապես դրանց բովանդակությանը, բնույթին և սահմաններին անդրադարձող ուսումնասիրություններում առկա են տարաբնույթ գիտական մոտեցումներ։ Այս հոդվածում վերլուծվում է, թե ժանրի տեսությանը վերաբերող ինչ հիմնարար մոտեցումներ են մշակվել՝ հասկանալու համար հայտնութենական և վախճանաբանական (ավարտաբանական) երկերի առանձնահատկությունները։ Ժանրի վերաբերյալ պարզաբանումներն առաջ են բերում եզրերի հստակեցման խնդիր, որին ի պատասխան՝ հոդվածում ժանրի որոշարկման չափանիշների քննությանը հաջորդում է «հայտնություն», «տեսիլ», «տեսիլք» և հարակից եզրերի կիրառության վերլուծությունը։ Վերլուծության նպատակն է ընդգծել հայտնութենական ավանդության և վախճանաբանական գրականության հետ առնչվող եզրերի գործածության առանձնահատկությունները, ինչպես նաև հստակեցնել դրանց բովանդակային ու կիրառական սահմանները։

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ ԵՐԵՎՈՒՅԹԸ
Ծննդյան 100-ամյակի առթիվ

Անկասկած է, որ նախորդ դարի ամենից ինքնատիպ ու հետաքրքրական հայ մտածողներից մեկն է Պարույր Սևակն իր գեղարվեստական ու գիտական երկերով, իր գրական դպրոցով։ Եռակի մեծություն է նա իր թողած գեղարվեստական, թարգմանական, գրականագիտական – քննադատական հարուստ ժառանգությամբ, որն արժանի է խոր ու համակողմանի ուսումնասիրության և արժևորման՝ արդի գրականագիտության նվաճումների դիրքերից ու գիտական ստույգ չափանիշների կիրառումով։

Այսօր խոսելով Պարույր Սևակի մասին գրականագետներն ու գրասերները դիմում են նույնիսկ անհարկի ծայրահեղությունների՝ հայտարարելով, թե Պարույր Սևակն է մեր ամենամեծ բանաստեղծը, որովհետև նա մեծ մտածող ու փիլիսոփա է… բանաստեղծության մեջ: Հասկանալի է որ մարդկանց այս տեսակի համար Պարույր Սևակ իրական բանաստեղծը մնում է գրեթե անմատչելի: Մինչդեռ Պարույր Սևակ երևույթը անակնկալ հայտնված երկնաքար չէ, այլ մեր ժողովրդի գեղարվեստական ու գիտական մտածողության օրինաչափ զարգացման արդյունք։ Ուստի նրա մասին խոսողը գոնե նվազագույն չափով տեղյակ պիտի լինի մեր բանաստեղծական մտածողության զարգացման ողջ ընթացքին, հասկանա` ի՛նչ ենք ունեցել Պ․ Սևակից առաջ, որպեսզի ճիշտ արժևորվի նաև Պ․ Սևակն ինքը՝ գրական ու գիտական վաստակով։