Այսօր խոսելով Պարույր Սևակի մասին գրականագետներն ու գրասերները դիմում են նույնիսկ անհարկի ծայրահեղությունների՝ հայտարարելով, թե Պարույր Սևակն է մեր ամենամեծ բանաստեղծը, որովհետև նա մեծ մտածող ու փիլիսոփա է… բանաստեղծության մեջ: Հասկանալի է որ մարդկանց այս տեսակի համար Պարույր Սևակ իրական բանաստեղծը մնում է գրեթե անմատչելի: Մինչդեռ Պարույր Սևակ երևույթը անակնկալ հայտնված երկնաքար չէ, այլ մեր ժողովրդի գեղարվեստական ու գիտական մտածողության օրինաչափ զարգացման արդյունք։ Ուստի նրա մասին խոսողը գոնե նվազագույն չափով տեղյակ պիտի լինի մեր բանաստեղծական մտածողության զարգացման ողջ ընթացքին, հասկանա` ի՛նչ ենք ունեցել Պ․ Սևակից առաջ, որպեսզի ճիշտ արժևորվի նաև Պ․ Սևակն ինքը՝ գրական ու գիտական վաստակով։