Ապստամբությունից կարճ ժամանակ անց Ա. Օջալանը ստիպված էր անցնել Սիրիա, որտեղ նախագահ Հաֆեզ Ասադը նրան ապաստան տվեց և ընդհուպ մինչև 1998 թվականը ՔԲԿ-ի գործունեությունը կառավարվում էր Սիրիայից: Սակայն 1998 թ. աշնանը Սիրիայի իշխանությունները քաղաքավարի կերպով ազատվեցին Օջալանի ներկայությունից: Ուստի որոշ ժամանակ Ռուսաստանում թաքնվելուց հետո, Օջալանը 1999 թ. հունվարին Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում ձերբակալվեց թուրքական հատուկ ծառայությունների կողմից և տեղափոխվեց Իմրալը կղզում գտնվող բանտը, որտեղ էլ պահվում է մինչ օրս:
Բայց 1984 թվականից մինչև Պարսից ծոցի պատերազմը (1991 թ.) քրդական հարցը հիմնականում գտնվում էր Թուրքիայի ներքաղաքական օրակարգում: Գիտակցելով այդ իրողությունը՝ թուրքական իշխանությունները նախընտրական քարոզարշավների ժամանակ հաճախ խախտում էին քրդերի հետ ձեռք բերված զինադադարի պայմանավորվածությունները՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչերով շահելով թուրք ազգաբնակչության քվեները:
Սակայն Պարսից ծոցի պատերազմի հետևանքով Հյուսիսային Իրաքում ստեղծվեց Քրդական ինքնավարություն, որը սկզբում լրջորեն անհանգստացրեց թուրքական իշխանություններին։ Առավել ևս, որ Թուրքիայում իրենց դեմ պատերազմող ՔԲԿ-ի ջոկատների մի մասն անցավ Քրդական ինքնավարության տարածք և այնտեղից էր հարձակումներ գործում թուրքական զորքերի վրա: Թուրքական իշխանությունները դրան պատասխանեցին ինչպես ուղղակի ռազմական ներխուժումներով, այնպես էլ տարբեր քրդական խմբավորումներին զինելով և իրար դեմ տրամադրելով: Այդ նպատակով վարչապետ Թուրղութ Օզալի իշխանության ժամանակ թուրքական հատուկ ծառայությունները շուրջ 100 000 միավոր զենք մատակարարեցին Ջալալ Թալաբանիին, բայց միաժամանակ համագործակցում էին նաև Բարզանիների հետ: Ի վերջո, Ռ. Թ. Էրդողանին հաջողվեց ի դեմս Նեչիրվան Բարզանիի ձեռք բերել հուսալի դաշնակցի, որի շնորհիվ՝ Բարզանիներին պատկանող Քրդստանի դեմոկրատական կուսակցության զինված ուժերը՝ Փեշմերգան, ոչ միայն չի պայքարում թուրքերի դեմ, այլև ընդհակառակը՝ վերջիններիս հետ միասին դիմակայում է ՔԲԿ-ի ջոկատներին: Ուստի ներկայումս Իրաքի Քրդական ինքնավարության կողմից Թուրքիային վտանգ չի սպառնում: Բայց չպետք է մոռանալ, որ Քրդստանի դեմոկրատական կուսակցությունը (ՔԴԿ) կապված է նաև ամերիկացիների հետ։ Ավելին, Բարզանիները ավելի շատ կախված են ամերիկացիներից, ինչը կարող է որոշիչ դառնալ թուրք-ամերիկյան հարաբերությունների բարդացման ժամանակ՝ ի նկատի ունենալով նաև Իսրայելի դերակատարության մեծացումը: