Tag Archives: Իրան

DOI: 10.57192/18291864-2026.1-274

ՊԱՆԹԻՒՐՔԻԶՄԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՕՍՈՒԹԵԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ
Թաթար այլախոհ Սաբիրզեան Բադրետդինի ուշագրաւ դատողութիւնների լոյսի ներքոյ

Սոյն յօդուածը նպատակ ունի վերհանելու յետխորհրդային երկրներում պանթիւրքիզմի գաղափարախօսութեան ու քաղաքական շարժման ծաւալման արդի միտումները՝ նրա ինքնատիպ ներկայացուցիչներից մէկի՝ Սաբիրզեան Բադրետդինի (Sabirzyan Badretdin, Sabirjan Badretdinov) հրապարակումների ուսումնասիրութեան միջոցով։

Նրա հրապարակումները բացայայտում են 21-րդ դարում յետ-խորհրդային երկրներում տարածուող պանթիւրքական գաղափարների տեսական հիմնաւորումներն ու նոր մօտեցումներով հին նպատակներին հասնելու քողարկուած մարտավարութիւնները։ «Ազատութիւն» ռադիոկայանում երկար տարիներ Սաբիրզեան Բադրետդինի զբաղեցրած պաշտօնը նրան լայն հնարաւորութիւններ է ընձեռել պանթիւրքական գաղափարների տարածման համար։

Ներկայ հրապարակումը Սաբիրզեան Բադրետդինի գաղափարների ամբողջական ուսումնասիրութեան փորձ է, որի հիմքը մամուլում հրատարակուած նրա մի քանի այլ յօդուածներն են։

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔՐԴԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԸ 2024 ԹՎԱԿԱՆԻՆ

Անկարայի համալսարանում ուսանած Աբդուլլահ Օջալանը 1978 թ. ստեղծելով Քրդստանի բանվորական կուսակցությունը՝ Թուրքիայում քրդերի հակաթուրք պայքարի հերթական հանգրվանի սկիզբը դրեց: 1984 թ. այդ պայքարը վերածվեց ապստամբության, որը փաստորեն շարունակվում է մինչ օրս՝ տարբեր հաշվարկներով երկու կողմերից խլելով մոտ հիսուն հազար մարդու կյանք:

Ապստամբությունից կարճ ժամանակ անց Ա. Օջալանը ստիպված էր անցնել Սիրիա, որտեղ նախագահ Հաֆեզ Ասադը նրան ապաստան տվեց և ընդհուպ մինչև 1998 թվականը ՔԲԿ-ի գործունեությունը կառավարվում էր Սիրիայից: Սակայն 1998 թ. աշնանը Սիրիայի իշխանությունները քաղաքավարի կերպով ազատվեցին Օջալանի ներկայությունից: Ուստի որոշ ժամանակ Ռուսաստանում թաքնվելուց հետո, Օջալանը 1999 թ. հունվարին Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում ձերբակալվեց թուրքական հատուկ ծառայությունների կողմից և տեղափոխվեց Իմրալը կղզում գտնվող բանտը, որտեղ էլ պահվում է մինչ օրս:

Բայց 1984 թվականից մինչև Պարսից ծոցի պատերազմը (1991 թ.) քրդական հարցը հիմնականում գտնվում էր Թուրքիայի ներքաղաքական օրակարգում: Գիտակցելով այդ իրողությունը՝ թուրքական իշխանությունները նախընտրական քարոզարշավների ժամանակ հաճախ խախտում էին քրդերի հետ ձեռք բերված զինադադարի պայմանավորվածությունները՝ ահաբեկչության դեմ պայքարի կոչերով շահելով թուրք ազգաբնակչության քվեները:

Սակայն Պարսից ծոցի պատերազմի հետևանքով Հյուսիսային Իրաքում ստեղծվեց Քրդական ինքնավարություն, որը սկզբում լրջորեն անհանգստացրեց թուրքական իշխանություններին։ Առավել ևս, որ Թուրքիայում իրենց դեմ պատերազմող ՔԲԿ-ի ջոկատների մի մասն անցավ Քրդական ինքնավարության տարածք և այնտեղից էր հարձակումներ գործում թուրքական զորքերի վրա: Թուրքական իշխանությունները դրան պատասխանեցին ինչպես ուղղակի ռազմական ներխուժումներով, այնպես էլ տարբեր քրդական խմբավորումներին զինելով և իրար դեմ տրամադրելով: Այդ նպատակով վարչապետ Թուրղութ Օզալի իշխանության ժամանակ թուրքական հատուկ ծառայությունները շուրջ 100 000 միավոր զենք մատակարարեցին Ջալալ Թալաբանիին, բայց միաժամանակ համագործակցում էին նաև Բարզանիների հետ: Ի վերջո, Ռ. Թ. Էրդողանին հաջողվեց ի դեմս Նեչիրվան Բարզանիի ձեռք բերել հուսալի դաշնակցի, որի շնորհիվ՝ Բարզանիներին պատկանող Քրդստանի դեմոկրատական կուսակցության զինված ուժերը՝ Փեշմերգան, ոչ միայն չի պայքարում թուրքերի դեմ, այլև ընդհակառակը՝ վերջիններիս հետ միասին դիմակայում է ՔԲԿ-ի ջոկատներին: Ուստի ներկայումս Իրաքի Քրդական ինքնավարության կողմից Թուրքիային վտանգ չի սպառնում: Բայց չպետք է մոռանալ, որ Քրդստանի դեմոկրատական կուսակցությունը (ՔԴԿ) կապված է նաև ամերիկացիների հետ։ Ավելին, Բարզանիները ավելի շատ կախված են ամերիկացիներից, ինչը կարող է որոշիչ դառնալ թուրք-ամերիկյան հարաբերությունների բարդացման ժամանակ՝ ի նկատի ունենալով նաև Իսրայելի դերակատարության մեծացումը: