Ուշադրություն է դարձվում պատկերների պատմական, սոցիալ-մշակութային և իմաստաբանական նշանակությանը։ Ուսումնասիրության հիմնական նյութն են Լոռու մարզի Արդվի և Սյունիքի Որոտան գյուղերի ուշ միջնադարյան տապանաքարերը, ինչպես նաև Նոր Ջուղայի հայկական գերեզմանատան XIX–XX դարերի օրինակները, որոնց վրա պատկերված են գորգագործ կանայք իրենց գործիքներով՝ մասնավորապես դազգահով։ Գորգագործ կանանց պատկերները ոչ միայն արտացոլում են հանգուցյալի մասնագիտական ինքնությունը, այլև կրում են համայնքի հիշողության և արժեհամակարգի արձագանքը՝ կապված կանանց հասարակական դերի ընկալման հետ։ Ուսումնասիրությունը հենված է համալիր մեթոդաբանական մոտեցման վրա՝ ներառելով պատկերագրական վերլուծություն, համադրական արվեստաբանական ուսումնասիրություն, վիմագրական տվյալների ընթերցում և դաշտային աղբյուրների համադրում։ Հոդվածում քննարկվում են նաև Ուռուտի (Որոտան) որոշ տապանաքարերի հայկական ծագման կամ դավանափոխ քրիստոնյաների պատկանելիության հարցերը, ինչպես նաև Նոր Ջուղայի պարագայում հայ կանանց դերը իսլամական տիրապետության պայմաններում գորգագործական ավանդույթների պահպանման գործում։
Գորգագործ կանանց պատկերներով տապանաքարերը ոչ միայն անհատական ու համայնքային հիշողության արտահայտություններ են, այլև հայկական գորգագործության պատմական շարունակականության և մշակութային ինքնության կենսունակության յուրօրինակ վկայություններ։