Tag Archives: տապանաքար

ԳԱՆՁԱՍԱՐԻ ՎԱՆՔԻ ՎԻՄԱԳՐԱԿԱՆ ՆՈՐՈՒՅԹՆԵՐԸ.
քահանայի օրագրից

Հոդվածի համահեղինակ Տեր Բագրատ Ֆարիշյանը 1989-1993 թթ.. եղել է հայ միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց Գանձասարի վանքի հոգևոր հովիվը: Այդ ընթացքում նա իր օրագրում ընդօրինակել է վանական համալիրի գրեթե բոլոր վիմական արձանագրությունները: Դրանց մեջ մոտ յոթ տասնյակ վիմագրեր տարբեր պատճառներով տեղ չեն գտել նախորդ ուսումնասիրողների աշխատություններում։ Այս համեմատաբար նորահայտ արձանագրությունները համալրում են Գանձասարի վանքի հարուստ վիմագրական ժառանգությունը, ընդ որում, գոնե հրատարակված տարբերակով փրկվելով հավանական վանդալական ոչնչացումից:

Այս արձանագրությունները ոչ միայն կարևորագույն սկզբնաղբյուրներ են Գանձասարի նշանավոր վանքի, Հասան-Ջալալյան իշխանական տոհմի, այլև Հայոց պատմության համար:

ԳՈՐԳԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԱՏԿԵՐՈՒՄԸ ՏԱՊԱՆԱՔԱՐԱՅԻՆ ԱՐՎԵՍՏՈՒՄ

Հոդվածը նվիրված է ուշ միջնադարից մինչև նոր ժամանակներ հայկական տապանաքարային արվեստում գորգագործ կնոջ կերպարի պատկերմանը որը դիտարկվում է որպես ուշ միջնադարի և հետագա ժամանակաշրջանների գորգարվեստի ուսումնասիրութան օժանդակ աղբուր:

Ուշադրություն է դարձվում պատկերների պատմական, սոցիալ-մշակութային և իմաստաբանական նշանակությանը։ Ուսումնասիրության հիմնական նյութն են Լոռու մարզի Արդվի և Սյունիքի Որոտան գյուղերի ուշ միջնադարյան տապանաքարերը, ինչպես նաև Նոր Ջուղայի հայկական գերեզմանատան XIX–XX դարերի օրինակները, որոնց վրա պատկերված են գորգագործ կանայք իրենց գործիքներով՝ մասնավորապես դազգահով։ Գորգագործ կանանց պատկերները ոչ միայն արտացոլում են հանգուցյալի մասնագիտական ինքնությունը, այլև կրում են համայնքի հիշողության և արժեհամակարգի արձագանքը՝ կապված կանանց հասարակական դերի ընկալման հետ։ Ուսումնասիրությունը հենված է համալիր մեթոդաբանական մոտեցման վրա՝ ներառելով պատկերագրական վերլուծություն, համադրական արվեստաբանական ուսումնասիրություն, վիմագրական տվյալների ընթերցում և դաշտային աղբյուրների համադրում։ Հոդվածում քննարկվում են նաև Ուռուտի (Որոտան) որոշ տապանաքարերի հայկական ծագման կամ դավանափոխ քրիստոնյաների պատկանելիության հարցերը, ինչպես նաև Նոր Ջուղայի պարագայում հայ կանանց դերը իսլամական տիրապետության պայմաններում գորգագործական ավանդույթների պահպանման գործում։

Գորգագործ կանանց պատկերներով տապանաքարերը ոչ միայն անհատական ու համայնքային հիշողության արտահայտություններ են, այլև հայկական գորգագործության պատմական շարունակականության և մշակութային ինքնության կենսունակության յուրօրինակ վկայություններ։