Tag Archives: «Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին»

ԵՂԻՇԵԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԳՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

Հայ բանասիրության մեջ տարբեր կարծիքներ են հայտնվել Եղիշեի «Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին» երկի գրության ժամանակի վերաբերյալ։ Ըստ նրանում արտացոլված փաստերի՝ ընդունված է, որ այն գրված է մոտ 462–465 թթ.: Հայ ազգային մատենագրական դարավոր ավանդույթը միանգամայն հավաստի է ճանաչում Վարդանանց պատմիչ Եղիշեի վկայությունները՝ դեպքերին ականատես լինելու վերաբերյալ։ Սակայն ավելի քան մեկ դար է, ինչ շարունակվում է Եղիշեի մատյանի և Ղազար Փարպեցու «Պատմութիւն Հայոց» երկի առաջնության շուրջ բանասերների և պատմաբանների միջև ծավալված բանավեճը։ Ավարայրի պատմիչ Եղիշեն, հիրավի, իրեղեն և արժանահավատ փաստերի վավերագրման անկանխակալ հեղինակ է: Մինչդեռ Փարպեցին իրերը գնահատում է ժամանակի հեռավորությունից` որոշակի գունազարդումով: Այսպես, վերապատմելով Եղիշեի Վարդանանց պատմության հիմնական դրվագները՝ Փարպեցին ջանում է իր նախորդի գործածած բառուբանը փոխարինել հոմանիշ արտահայտություներով կամ փոփոխել՝ ըստ իր ունեցած տեղեկության: Նույնիսկ աշխարհագրական տեղանունները նա հնարավորինս փոխարինում է զուգահեռ անվանումներով:

Եղիշեի հաղորդած տեղեկությունները Վարդանանց պատերազմի` զորքերի և զոհերի մասին թվական տվյալների և բազում այլ մանրամասների վերաբերյալ, նրա իրազեկությունը տեղի ունեցած մերձավոր ու հեռավոր անցուդարձերին, Վարդանանց Պատմությունը դարձնում են իրազեկ գործչի և ականատես հեղինակի ստեղծած վավերական երկ: Իսկ բանաստեղծական զորեղ, պերճաբան խոսքը և վառվռուն երևակայությունը վավերական երկը բարձրացնում են ազգային դյուցազնավեպի աստիճանի:

Մեր կատարած անկողմնակալ, մանրախույզ ուսումնասիրությունը բացահայտում է Եղիշեի առաջնությունը Փարպեցու նկատմամբ ոչ միայն ժամանակագրական առումով, այլև նրանց երկերի բովանդակության մեջ տեղ գտած էական տարբերություններով, որոնք փաստում են Փարպեցու «Պատմության» կախումը Եղիշեի բնագրից։