Tag Archives: պատմագրություն

ՍՅՈՒՆԻՔԻ ԳՈՅԱՄԱՐՏԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋԱՑՈՒՄԸ

Սյունիքի 1917–1921 թթ. զինված ինքնապաշտպանության և քաղաքական գոյապայքարի իրադարձությունները զբաղեցնում են առանցքային տեղ հայոց նորագույն պատմության մեջ, սակայն դրանց պատմագրական լուսաբանումը երկար ժամանակ մնացել է մասնակի, անհամաչափ և աղբյուրագիտական առումով սահմանափակ։

Այս ժամանակաշրջանը հաճախ մեկնաբանվել է ընդհանրական քաղաքական սխեմաների շրջանակում՝ անտեսելով տեղական առանձնահատկությունները, տարածաշրջանային դերակատարներին, ինչպես նաև զինված դիմադրության, պետականաշինական փորձերի ներքին շարունակականությունը (Հարությունյան 1984, 318, 325-330, Խուդավերդյան 1988, 64-71, 115-124, 146-157, Գրիգորյան 1989, 73-88, Աբրահամյան 2003, 209-252, Սիմոնյան 2004, 19-32)։ Այս համատեքստում Աշոտ Սիմոնյանի «Սյունիքի 1917–1921 թթ. գոյապայքարի հուշամատյանը» հանդես է գալիս որպես նշանակալի աղբյուրագիտական և պատմագրական ձեռքբերում։

Գրախոսվող աշխատությունը դասական իմաստով մենագրություն չէ։ Այն փաստավավերագրական-պատմական ընդարձակ մատյան է, որը համադրում է տպագիր և անտիպ նյութեր։ «Հուշամատյան» ժանրային սահմանումն արդարացված է, քանի որ հեղինակը խուսափել է տեսական ընդհանրացումներից և առաջնահերթություն է տվել փաստական նյութը հաջորդական, ժամանակագրականորեն ճշգրիտ ներկայացնելուն։ Աշխատության հիմնական մասը կազմված է 48 գլուխներից, որոնք միավորված են յոթ թեմատիկ բաժիններում, իսկ դրանց հաջորդում են 12 գլուխներից բաղկացած հավելվածներ, որոնք էապես ընդլայնում են ուսումնասիրության աղբյուրագիտական հենքը։

Աշխատության գլխավոր արժանիքը նրա լայնածավալ և մանրակրկիտ հավաքված աղբյուրագիտական շտեմարանն է։ Հեղինակը օգտագործել է Հայաստանի ազգային արխիվի նյութերը, այդ թվում՝ բռնադատվածների քննչական գործերը, Բեյրութի և Բոստոնի հայկական արխիվները, ինչպես նաև հազվագյուտ դատավարական փաստաթղթեր, մասնավորապես Թավրիզում տեղի ունեցած երկու՝ Լեռնահայաստանի անկման և 1920թ. մարտ-ապրիլին Արցախի ինքնապաշտպանության ձախողման հետ կապված դատավարությունները:

Առանձնահատուկ կարևորություն ունի ՀԱՀ (Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողով՝ ՉէԿա–ՊՔՎ (պետական քաղաքական վարչություն)– ՆԳԺԿ (ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ) համակարգի բռնադատման ՀԱԱ № 1191 ֆոնդի տասնյակ գործերի մեծաքանակ նյութերի հետևողական ներգրավումը, որոնք գաղափարական ու քաղաքական միակողմանիությամբ հանդերձ պարունակում են արժեքավոր կենսագրական տեղեկություններ, ականատես վկաների ցուցմունքներ և պաշտոնական գնահատականներ Սյունիքի գոյապայքարի մասնակիցների վերաբերյալ։ Հասկանալի պատճառներ ունեցող այդ նյութերի զգուշավոր օգտագործումը հնարավորություն է տալիս բացահայտելու ոչ միայն Լեռնահայաստանի քաղաքական գոյապայքարի ներքին տրամաբանությունը, այլև խորհրդային վաղ բռնաճնշումների մեխանիզմները։

Ուշագրավ տեղեկություններ են պարունակում տեղացի մասնակից-ականատեսների հուշագրությունները, անտիպ հիշողությունները և տարածաշրջանային (Երևան, Բաքու, Շուշի, Գորիս), ինչպես նաև սփյուռքյան կենտրոնների պարբերական մամուլի հրապարակումները, որոնց շնորհիվ վերականգնվում են Սյունիքի ռազմական, քաղաքական և հասարակական գործիչների, հոգևորականության ու քաղաքացիական բնակչության առանձին ճակատագրերը։ Տողատակի ծանոթագրությունների ընդարձակ համակարգը, որ ներառում է կենսագրական տվյալներ և զուգահեռ վկայություններ, աշխատությանը հաղորդում է նաև տեղեկատու բնույթ և զգալիորեն բարձրացնում նրա գիտական արժեքը։

Պատմագրական տեսանկյունից աշխատությունը կարևոր ներդրում է Սյունիքի 1917–1921 թթ. իրադարձությունների նոր մեկնաբանության գործում։ Ցույց է տրվում, որ 1920–1921 թթ. զինված դիմադրությունը ինքնաբուխ կամ պատահական երևույթ չէր, այլ նախորդ տարիներին սկիզբ առած ինքնակազմակերպման և ինքնապաշտպանության գործընթացների տրամաբանական շարունակությունը՝ պայմանավորված թուրքական, ադրբեջանական, ապա նաև խորհրդային ագրեսիայով։ Լեռնահայաստանի գոյամարտը և Գարեգին Նժդեհի քաղաքական ու ռազմական գործունեությունը ներկայացվում են պատմականության (իստորիզմի) սկզբունքով և պետականակերտման տրամաբանության մեջ տեղավորվող պատումներով՝ խուսափելով որոշ հայազգի հեղինակների (Ռուբէն 1982, Գէորգեան 1991, 25-48, 85-86, 123-125, Աբրահամյան 1991, 3-14, Նժդեհ 1999 ) հաճախ նկատվող հուզական զեղումներից։

Առանձնահատուկ նշանակություն ունի խորհրդային բռնադատումների մեկնաբանությունը՝ որպես այլ միջոցներով գոյապայքարի շարունակություն։ Սյունիքի ռազմական-քաղաքական վերնախավի, ՀՀ խորհրդարանի անդամների, տեղական ինքնակառավարման մարմին ների և հոգևորականության նկատմամբ իրականացված զանգվածային հետապնդումները ներկայացվում են ոչ թե որպես տարերային գործընթաց, այլ՝ նպատակային քաղաքականություն, որը միտված էր Սյունիքում ձևավորված հայկական պետականության ինստիտուցիոնալ հենասյուների քայքայմանը և վերացմանը։

Հավելվածներում զետեղված փաստաթղթերը և կենսագրական դոսյեները էապես ընդլայնում են նախորդ շրջանի ուսումնասիրութուններին բնորոշ աղբյուրագիտական սահմանափակ հենքը։

Թեև գրքում նկատվում է առանձին գավառակների (Մեղրի, Սիսիան) իրադարձությունների լուսաբանման անհամաչափություն, ընդգծվում են նյութի ընդգրկման լայնությունը և մատնանշում հետագա մասնագիտական ուսումնասիրությունների հեռանկարները: Գրքում նշմարվում են նաև գիտական ապարատի ձևավորման որոշ տեխնիկական անհամապատասխանություններ, մասնավորապես՝ հղումների, մատենագիտական գրանցումների և ձևաչափային միակերպության հարցերում, որոնք առանձին դեպքերում չեն բխում ներկայիս ակադեմիական չափորոշիչներից: Այդուհանդերձ, նկատված թերությունները չեն նվազեցնում աշխատության ընդհանուր արժեքը։ Ընդհակառակը, դրանք ընդգծում են ձեռագրի հետագա կատարելագործման և գիտական շրջանառության մեջ ավելի արդյունավետ ներգրավման հնարավորությունը՝ հատկապես հաշվի առնելով ներկայացված փաստական բազայի բացառիկ տարածքն ու օգտագործված սկզբնաղբյուրների յուրահատկությունը։ Աշխատությունը, իր փաստական նյութի ընդգրկմամբ և տարածաշրջանային իրադարձությունների վերակառուցման փորձով, կարող է իբրև ելակետային հիմք ծառայել հետագա մասնագիտական հետազոտությունների, թեմատիկ ընդլայնումների և նոր արխիվային տվյալների ներգրավմամբ կատարվող խորացված վերլուծությունների համար։

Ընդհանուր առմամբ Աշոտ Սիմոնյանի «Սյունիքի 1917–1921 թթ. գոյապայքարի հուշամատյանը» կարևոր ներդրում է հայ պատմագրության մեջ։ Արխիվային փաստաթղթերի, հուշագրությունների, մամուլի նյութերի և դատավարական աղբյուրների համադրությամբ այն լրացնում է Սյունիքի պատմության ուսումնասիրության բացերը և միաժամանակ հանդես է գալիս որպես մեր հանրությանն այսօր խիստ անհրաժեշտ պատմական հիշողության վերականգնման ու պահպանման նշանակալի քայլ։

ԵՂԻՇԵԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԳՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ

Հայ բանասիրության մեջ տարբեր կարծիքներ են հայտնվել Եղիշեի «Վասն Վարդանայ եւ Հայոց պատերազմին» երկի գրության ժամանակի վերաբերյալ։ Ըստ նրանում արտացոլված փաստերի՝ ընդունված է, որ այն գրված է մոտ 462–465 թթ.: Հայ ազգային մատենագրական դարավոր ավանդույթը միանգամայն հավաստի է ճանաչում Վարդանանց պատմիչ Եղիշեի վկայությունները՝ դեպքերին ականատես լինելու վերաբերյալ։ Սակայն ավելի քան մեկ դար է, ինչ շարունակվում է Եղիշեի մատյանի և Ղազար Փարպեցու «Պատմութիւն Հայոց» երկի առաջնության շուրջ բանասերների և պատմաբանների միջև ծավալված բանավեճը։ Ավարայրի պատմիչ Եղիշեն, հիրավի, իրեղեն և արժանահավատ փաստերի վավերագրման անկանխակալ հեղինակ է: Մինչդեռ Փարպեցին իրերը գնահատում է ժամանակի հեռավորությունից` որոշակի գունազարդումով: Այսպես, վերապատմելով Եղիշեի Վարդանանց պատմության հիմնական դրվագները՝ Փարպեցին ջանում է իր նախորդի գործածած բառուբանը փոխարինել հոմանիշ արտահայտություներով կամ փոփոխել՝ ըստ իր ունեցած տեղեկության: Նույնիսկ աշխարհագրական տեղանունները նա հնարավորինս փոխարինում է զուգահեռ անվանումներով:

Եղիշեի հաղորդած տեղեկությունները Վարդանանց պատերազմի` զորքերի և զոհերի մասին թվական տվյալների և բազում այլ մանրամասների վերաբերյալ, նրա իրազեկությունը տեղի ունեցած մերձավոր ու հեռավոր անցուդարձերին, Վարդանանց Պատմությունը դարձնում են իրազեկ գործչի և ականատես հեղինակի ստեղծած վավերական երկ: Իսկ բանաստեղծական զորեղ, պերճաբան խոսքը և վառվռուն երևակայությունը վավերական երկը բարձրացնում են ազգային դյուցազնավեպի աստիճանի:

Մեր կատարած անկողմնակալ, մանրախույզ ուսումնասիրությունը բացահայտում է Եղիշեի առաջնությունը Փարպեցու նկատմամբ ոչ միայն ժամանակագրական առումով, այլև նրանց երկերի բովանդակության մեջ տեղ գտած էական տարբերություններով, որոնք փաստում են Փարպեցու «Պատմության» կախումը Եղիշեի բնագրից։