ՄՏԱՇԱՀԱՐԿՄԱՆ ԼԵԶՎԱԿԱՆ ՀՆԱՐՔՆԵՐԸ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քաղաքական դիսկուրսում (անգլերեն) – 2024-2

Ամփոփում

Սեդա Ք. Գասպարյան (Բանասիր. գիտ. դոկտոր), Նարե Ա. Շալունց

Բանալի բառեր – մտաշահարկում, մտաշահարկային ռազմավարություն, մտաշահարկային մարտավարություն, քաղաքական դիսկուրս, դիսկուրսի քննական վերլուծություն, պետականորեն որդեգրված հակահայկական քարոզչություն:

Սույն հոդվածը նպատակ ունի վերլուծելու և մեկնաբանելու քաղաքական դիսկուրսում կիրառվող մտաշահարկային ռազմավարություններն ու մարտավարությունները: Հաստատվել է, որ թեև մտաշահարկումը խոսքի լայնորեն տարածված մեխանիզմներից է կյանքի գրեթե բոլոր ոլորտներում, սակայն հատկապես քաղաքական դիսկուրսն է (ներառյալ քաղաքական հարցազրույցները), որ պարարտ հող է ստեղծում մտաշահարկման տարբեր հնարքների ներդրման և իրականացման համար, որոնց օգնությամբ փորձում են համոզել ունկնդրին հավատալ մի բանի, որը հեռու է իրական լինելուց: Հատկանշական է, որ մտաշահարկային ռազմավարության լեզվական պատկերը դրսևորվում է տարբեր մակարդակներում՝ իմաստաբանական, ոճագիտական, գործաբանական: Քաղաքական դիսկուրսի մտաշահարկային արտահայտությունը լեզվական հատույթն է: Այնուամենայնիվ, մտաշահարկման վերլուծությունը ենթադրում է նաև լեզվական պատկերին զուգահեռ արտալեզվական իրականության ուսումնասիրություն, որն էլ ապահովում է խնդրի առավել համակողմանի քննություն:

Այս ուսումնասիրությունը միտված է բացահայտելու քաղաքական դիսկուրսի մտաշահարկային բնույթը՝ ըստ 2020 թվականին Արցախում (Լեռնային Ղարաբաղ) Ադրբեջանի հրահրած 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթների, որոնցում հայերի նկատմամբ թշնամական վերաբերմունքն առարկայանում է պետականորեն որդեգրված հակահայկական քարոզչության և ատելության խոսքի միջոցով։ Սույն հետազոտությունն իրականացվել է իմաստային, շարահյուսական, գործաբանական և քննադատական դիսկուրսի վերլուծության դիտանկյուններից՝ հղում կատարելով Ալիևի՝ միջազգային լրատվամիջոցներին (BBC, France 24, CNN, Al Jazeera, ARD TV Channel) տված հինգ հարցազրույցներին:

Փաստական լեզվանյութի վերլուծության արդյունքում պարզ է դառնում, որ քաղաքական հարցազրույցներում մտաշահարկային ժխտման, վերաձևակերպման, ասույթների կրկնության միջոցով փորձ է արվում խեղաթյուրել փաստերը՝ այդպիսով միջազգային հանրության շրջանում ձևավորելով հակահայ դիրքորոշում: