Tag Archives: աղբյուրագիտություն

DOI: 10.57192/18291864-2026.1-238

ԱՐՏԱՇԵՍ ՏԵՐ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ
Մաս առաջին։ Հայ գրքի ականավոր մատենագետը

Սույն հոդվածը հայ գրքի ու մամուլի պատմության ճանաչված հետազոտող Արտաշես Տեր-Խաչատուրյանի գիտական ժառանգության համակողմանի քննությանը նվիրված ծավալուն ուսումնասիրության առաջին մասն է։ Հետազոտության առանցքում է հեղինակի «Հայ գրքի մատենագիտական գործեր» աշխատությունը, որը լուրջ ներդրում է հայ տպագրական մշակույթի հետազոտության ասպարեզում։

Ողջ գիտակից կյանքը Բեյրութի ու Հալեպի գիտակրթական հաստատություններում անցկացրած Արտաշես Տեր-Խաչատուրյանը հայտնի էր որպես ուսուցիչ ու խմբագիր, բայց Հայաստանի ու արտերկրի հայագետների համար նա նախ և առաջ անառարկելի հեղինակություն էր հայ գրքի ու մամուլի պատմության ուսումնասիրության ասպարեզում։ Ուստի Տեր-Խաչատուրյանի աշխատություններն ամփոփող ծավալուն երկհատորյակի հրապարակումից հետո նրա գիտական ժառանգությունը մասնագիտորեն գնահատվելու ու արժևորվելու կարիք ունի։

Հոդվածի նպատակը հայ գրքի պատմության և գրքագիտության բնագավառներում Տեր-Խաչատուրյանի գիտական հետազոտությունների փաստագրական, կառուցվածքային և տեսամեթոդաբանական նշանակության քննությունն է՝ ժամանակակից հայագիտության և միջ-գիտակարգային խոսույթի շրջանակներում։ Իրականացվող հետազոտությունը հենված է համալիր մեթոդաբանական մոտեցման վրա, որ ենթադրում է աղբյուրագիտական քննություն, համադրական վերլուծություն, կառուցվածքային դիտարկում ու տեսական վերաիմաստավորում։ Հատուկ ուշադրություն է դարձվում այն իրողությանը, որ Տեր-Խաչատուրյանի համար մատենագիտությունը ոչ թե օժանդակ գործիք էր, այլ գիտելիք կազմակերպելու ինքնուրույն համակարգ։

Հոդվածում բացահայտվում է Տեր-Խաչատուրյանի մեթոդաբանական դիրքորոշումը, որը հենված է փաստի առաջնայնության, ժամանակագրական ճշգրտության և գիտական անաչառության սկզբունքների վրա։ Այս մոտեցումը թույլ է տվել մատենագիտության առարկան վերածելու պատմամշակութային վերլուծության արդյունավետ գործիքի։ Տեր-Խաչատուրյանի ժառանգությունն իր ներսում կառուցված (իմպլիցիտ) տեսամեթոդաբանական համակարգ է, որը համադրելի է մշակութային հիշողության, գրքի պատմության և հանրային խոսույթի ժամանակակից տեսությունների հետ։ Նրա համար հայ գիրքը ազգային հիշողության նյութական կրիչ է, իսկ մատենագիտությունը՝ այդ հիշողության կազմակերպման և պահպանման մեխանիզմ։

Այս հաստատումները թույլ են տալիս եզրակացնելու, որ Տեր-Խաչատուրյանի մատենագիտական ժառանգությունը հայ գրքագիտության համար հիմնադիր-կարգավորող նշանակության համակարգ է, ուստի ոչ միայն արդիական է, այլև պահպանում է իր գործառնական արդյունավետությունը ժամանակակից հայագիտության համար՝ նոր սերնդին հնարավորություն տալով զարգացնելու ականավոր մատենագետի տեսական և մեթոդաբանական մոտեցումները։

ՍՅՈՒՆԻՔԻ ԳՈՅԱՄԱՐՏԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՄԲՈՂՋԱՑՈՒՄԸ

Սյունիքի 1917–1921 թթ. զինված ինքնապաշտպանության և քաղաքական գոյապայքարի իրադարձությունները զբաղեցնում են առանցքային տեղ հայոց նորագույն պատմության մեջ, սակայն դրանց պատմագրական լուսաբանումը երկար ժամանակ մնացել է մասնակի, անհամաչափ և աղբյուրագիտական առումով սահմանափակ։

Այս ժամանակաշրջանը հաճախ մեկնաբանվել է ընդհանրական քաղաքական սխեմաների շրջանակում՝ անտեսելով տեղական առանձնահատկությունները, տարածաշրջանային դերակատարներին, ինչպես նաև զինված դիմադրության, պետականաշինական փորձերի ներքին շարունակականությունը (Հարությունյան 1984, 318, 325-330, Խուդավերդյան 1988, 64-71, 115-124, 146-157, Գրիգորյան 1989, 73-88, Աբրահամյան 2003, 209-252, Սիմոնյան 2004, 19-32)։ Այս համատեքստում Աշոտ Սիմոնյանի «Սյունիքի 1917–1921 թթ. գոյապայքարի հուշամատյանը» հանդես է գալիս որպես նշանակալի աղբյուրագիտական և պատմագրական ձեռքբերում։

Գրախոսվող աշխատությունը դասական իմաստով մենագրություն չէ։ Այն փաստավավերագրական-պատմական ընդարձակ մատյան է, որը համադրում է տպագիր և անտիպ նյութեր։ «Հուշամատյան» ժանրային սահմանումն արդարացված է, քանի որ հեղինակը խուսափել է տեսական ընդհանրացումներից և առաջնահերթություն է տվել փաստական նյութը հաջորդական, ժամանակագրականորեն ճշգրիտ ներկայացնելուն։ Աշխատության հիմնական մասը կազմված է 48 գլուխներից, որոնք միավորված են յոթ թեմատիկ բաժիններում, իսկ դրանց հաջորդում են 12 գլուխներից բաղկացած հավելվածներ, որոնք էապես ընդլայնում են ուսումնասիրության աղբյուրագիտական հենքը։

Աշխատության գլխավոր արժանիքը նրա լայնածավալ և մանրակրկիտ հավաքված աղբյուրագիտական շտեմարանն է։ Հեղինակը օգտագործել է Հայաստանի ազգային արխիվի նյութերը, այդ թվում՝ բռնադատվածների քննչական գործերը, Բեյրութի և Բոստոնի հայկական արխիվները, ինչպես նաև հազվագյուտ դատավարական փաստաթղթեր, մասնավորապես Թավրիզում տեղի ունեցած երկու՝ Լեռնահայաստանի անկման և 1920թ. մարտ-ապրիլին Արցախի ինքնապաշտպանության ձախողման հետ կապված դատավարությունները:

Առանձնահատուկ կարևորություն ունի ՀԱՀ (Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողով՝ ՉէԿա–ՊՔՎ (պետական քաղաքական վարչություն)– ՆԳԺԿ (ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատ) համակարգի բռնադատման ՀԱԱ № 1191 ֆոնդի տասնյակ գործերի մեծաքանակ նյութերի հետևողական ներգրավումը, որոնք գաղափարական ու քաղաքական միակողմանիությամբ հանդերձ պարունակում են արժեքավոր կենսագրական տեղեկություններ, ականատես վկաների ցուցմունքներ և պաշտոնական գնահատականներ Սյունիքի գոյապայքարի մասնակիցների վերաբերյալ։ Հասկանալի պատճառներ ունեցող այդ նյութերի զգուշավոր օգտագործումը հնարավորություն է տալիս բացահայտելու ոչ միայն Լեռնահայաստանի քաղաքական գոյապայքարի ներքին տրամաբանությունը, այլև խորհրդային վաղ բռնաճնշումների մեխանիզմները։

Ուշագրավ տեղեկություններ են պարունակում տեղացի մասնակից-ականատեսների հուշագրությունները, անտիպ հիշողությունները և տարածաշրջանային (Երևան, Բաքու, Շուշի, Գորիս), ինչպես նաև սփյուռքյան կենտրոնների պարբերական մամուլի հրապարակումները, որոնց շնորհիվ վերականգնվում են Սյունիքի ռազմական, քաղաքական և հասարակական գործիչների, հոգևորականության ու քաղաքացիական բնակչության առանձին ճակատագրերը։ Տողատակի ծանոթագրությունների ընդարձակ համակարգը, որ ներառում է կենսագրական տվյալներ և զուգահեռ վկայություններ, աշխատությանը հաղորդում է նաև տեղեկատու բնույթ և զգալիորեն բարձրացնում նրա գիտական արժեքը։

Պատմագրական տեսանկյունից աշխատությունը կարևոր ներդրում է Սյունիքի 1917–1921 թթ. իրադարձությունների նոր մեկնաբանության գործում։ Ցույց է տրվում, որ 1920–1921 թթ. զինված դիմադրությունը ինքնաբուխ կամ պատահական երևույթ չէր, այլ նախորդ տարիներին սկիզբ առած ինքնակազմակերպման և ինքնապաշտպանության գործընթացների տրամաբանական շարունակությունը՝ պայմանավորված թուրքական, ադրբեջանական, ապա նաև խորհրդային ագրեսիայով։ Լեռնահայաստանի գոյամարտը և Գարեգին Նժդեհի քաղաքական ու ռազմական գործունեությունը ներկայացվում են պատմականության (իստորիզմի) սկզբունքով և պետականակերտման տրամաբանության մեջ տեղավորվող պատումներով՝ խուսափելով որոշ հայազգի հեղինակների (Ռուբէն 1982, Գէորգեան 1991, 25-48, 85-86, 123-125, Աբրահամյան 1991, 3-14, Նժդեհ 1999 ) հաճախ նկատվող հուզական զեղումներից։

Առանձնահատուկ նշանակություն ունի խորհրդային բռնադատումների մեկնաբանությունը՝ որպես այլ միջոցներով գոյապայքարի շարունակություն։ Սյունիքի ռազմական-քաղաքական վերնախավի, ՀՀ խորհրդարանի անդամների, տեղական ինքնակառավարման մարմին ների և հոգևորականության նկատմամբ իրականացված զանգվածային հետապնդումները ներկայացվում են ոչ թե որպես տարերային գործընթաց, այլ՝ նպատակային քաղաքականություն, որը միտված էր Սյունիքում ձևավորված հայկական պետականության ինստիտուցիոնալ հենասյուների քայքայմանը և վերացմանը։

Հավելվածներում զետեղված փաստաթղթերը և կենսագրական դոսյեները էապես ընդլայնում են նախորդ շրջանի ուսումնասիրութուններին բնորոշ աղբյուրագիտական սահմանափակ հենքը։

Թեև գրքում նկատվում է առանձին գավառակների (Մեղրի, Սիսիան) իրադարձությունների լուսաբանման անհամաչափություն, ընդգծվում են նյութի ընդգրկման լայնությունը և մատնանշում հետագա մասնագիտական ուսումնասիրությունների հեռանկարները: Գրքում նշմարվում են նաև գիտական ապարատի ձևավորման որոշ տեխնիկական անհամապատասխանություններ, մասնավորապես՝ հղումների, մատենագիտական գրանցումների և ձևաչափային միակերպության հարցերում, որոնք առանձին դեպքերում չեն բխում ներկայիս ակադեմիական չափորոշիչներից: Այդուհանդերձ, նկատված թերությունները չեն նվազեցնում աշխատության ընդհանուր արժեքը։ Ընդհակառակը, դրանք ընդգծում են ձեռագրի հետագա կատարելագործման և գիտական շրջանառության մեջ ավելի արդյունավետ ներգրավման հնարավորությունը՝ հատկապես հաշվի առնելով ներկայացված փաստական բազայի բացառիկ տարածքն ու օգտագործված սկզբնաղբյուրների յուրահատկությունը։ Աշխատությունը, իր փաստական նյութի ընդգրկմամբ և տարածաշրջանային իրադարձությունների վերակառուցման փորձով, կարող է իբրև ելակետային հիմք ծառայել հետագա մասնագիտական հետազոտությունների, թեմատիկ ընդլայնումների և նոր արխիվային տվյալների ներգրավմամբ կատարվող խորացված վերլուծությունների համար։

Ընդհանուր առմամբ Աշոտ Սիմոնյանի «Սյունիքի 1917–1921 թթ. գոյապայքարի հուշամատյանը» կարևոր ներդրում է հայ պատմագրության մեջ։ Արխիվային փաստաթղթերի, հուշագրությունների, մամուլի նյութերի և դատավարական աղբյուրների համադրությամբ այն լրացնում է Սյունիքի պատմության ուսումնասիրության բացերը և միաժամանակ հանդես է գալիս որպես մեր հանրությանն այսօր խիստ անհրաժեշտ պատմական հիշողության վերականգնման ու պահպանման նշանակալի քայլ։