Tag Archives: Սյունիք

ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔԸ՝
ՍԲ ԵՎՍՏԱԹԵՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՈՒԽՏ

Սյունյաց հոգևոր-մշակութային կենտրոն Տաթևի վանքի պատմության ուսումնասիրման համար առաջնային սկզբնաղբյուր է պատմագիր Ստեփանոս Օրբելյանի պատմագիրքը (գրված՝ Նորավանքում, 1297 թ.): Պատմագիրը մանրամասն նկարագրում է Տաթևի վանքի Կաթողիկե եկեղեցու կառուցումն ու Սբ Պողոս-Պետրոս առաքյալների նշխարների ամփոփումը տաճարի զույգ մույթերի հիմքերում՝ չհիշատակելով Քրիստոսի կամ Սբ Թադեոս առաքյալի ենթադրյալ աշակերտ Սբ Եվստաթեոս-Եվստաթե-Ստաթեին: Վերջինիս անունը վկայված չէ նաև վաղ շրջանի մատենագրական և վարքագրական աղբյուրներում, այլ միայն 15-րդ դարից ի վեր:

Տաթևում Սբ Պողոս-Պետրոս առաքյալների անունների քողարկման և վանքը ենթադրյալ Սբ Եվստաթեոս առաքյալի անվան հետ զուգակցման բուն պատճառը կարելի է պայմանավորել ժամանակի եկեղեցաքաղաքական պայմանների թելադրանքով, երբ Կիլիկիայում գտնվող կաթողիկոսական աթոռի որդեգրած լատինամետ դիրքորոշման հետևանքով Սյունիքում ընդլայնվել էր ունիթորական շարժումը՝ Նախիջևանի Քռնա կենտրոնով: Այս տեսանկյունից, թերևս, սխալված չենք լինի, եթե ասենք, որ այդ էր Սյունյաց հոգևոր և եպիսկոպոսանիստ կենտրոնն առաքելադիր հռչակելու հիմնական պատճառը:

Ինչ վերաբերում է Տաթև տեղանվանը, ապա այն քանիցս հիշվում է մատենագրական և վիմագրական աղբյուրներում, որոնցից վաղագույնը, թերևս, «Ներսեսյան» գահնամակում պահպանված տոհմանունն է՝ «Տաթևյանք», ապա նաև Օրբելյանի վկայությունները, 13-14-րդ դդ. ձեռագրերի հիշատակարաններն ու վանքի ժամանակամերձ վիմագրերը, այսինքն՝ Տաթև տեղանունը վավերացվում է դեռևս վաղ միջնադարում և հետագա դարերում: Սբ Եվստաթեոսի անվան շուրջ հյուսված ավանդության ու դրա կրոնական-քաղաքական դրդապատճառներից զատ, վանքի Կաթողիկեն այսօր նորից իր սուրբ առաքյալների՝ Պողոսի և Պետրոսի անունն է կրում, իսկ Սբ Եվստաթեոսի անվան հետ են կապում միայն վանքի պարսպից դուրս՝ հյուսիսարևելյան կողմում գտնվող կիսավեր հուշակառույցը: