Tag Archives: հիշատակարան

ՄՈՄԻԿԻ ԿՅԱՆՔՆ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ՝
(ըստ հիշատակարանների և արձանագրությունների)

Հոդվածը նվիրված է հայ միջնադարյան գրիչ, մանրանկարիչ, ճարտարապետ և քանդակագործ Մոմիկի կյանքի ու ստեղծագործության ուսումնասիրությանը։ Վարպետի կենսագրության վերականգնումը հենված է ձեռագրերում պահպանված հիշատակարանների, եկեղեցիների ու տապանաքարերի արձանագրությունների վրա՝ սկսած նրա անվան առաջին հիշատակությունից (1283–1284 թթ.), մինչև նրա 1333 թ. հիշատակի խաչքարը։

Հոդվածի երկրորդ բաժնում քննարկվում են Մոմիկի կյանքի առանձին դրվագները՝ նոր մեկնաբանություններով և մի շարք հիպոթեզներով։ Այսպես` 1287 թ. Թեղենյաց վանքում գրիչ Դավթի մի ձեռագրում Մոմիկի հիշատակությունը հնարավորություն է տալիս ենթադրելու, թե՛ ձեռագրի հնարավոր թալանը, և թե՛ վարպետի գերեվարությունը։ Մենք չենք բացառում Մոմիկին առևանգելու հավանականությունը: Այս ենթադրությունը բխում է այն փաստից, որ հայ քարագործ վարպետները միջնադարում մեծ համբավ են ունեցել և աշխատել են նաև մահմեդական իշխողների համար։ Նմանատիպ օրինակ է Մոմիկի ժամանակակից ճարտարապետ Շահիկը, որը կառուցել է մահմեդական դամբարաններ Խաչեն-Դորբաթլիում և Երևանում։

Հոդվածում դիտարկվում է նաև Մոմիկի 1331 թ. հիշատակարանում (Եյլի համալսարան, Arm. 3) առկա կենսագրական անհամապատասխանությունների խնդիրը։ Այդ հիշատակարանում վարպետը հայտնում է, որ աչքերի հիվանդության պատճառով չի կարողացել ավարտել ձեռագիրը։ Տարածված է գիտական այն կարծիքը, թե Մոմիկի տեսողությունը մասնակիորեն կորել էր, որի հետևանքով նա թողել էր մանրանկարչությունը և զբաղվել քանդակագործությամբ ու ճարտարապետությամբ։ Սակայն նման մեկնաբանությունը մեզ հիմնավոր չի թվում, քանի որ Մոմիկի խաչքարերին բնորոշ քանդակագործական նուրբ աշխատանքը աչքերի նույնքան լարում էր պահանջում, որքան մանրանկարչությունը։ Հավանական է, որ Մոմիկը հիվանդ է եղել աչքի շաղկապենու վարակիչ հիվանդությամբ (տրախոմա), որը տարածված էր միջնադարյան Հայաստանում։ Սա առավել հավանական է դառնում, եթե հաշվի առնենք, որ նա քարագործ վարպետ էր, և աշխատանքի ընթացքում փոշին կարող էր լրջորեն վնասել նրա աչքերը։ Այս համատեքստում մենք առաջարկում ենք հիշատակարանի նոր ընթերցում, որտեղ գործածված «սակաւ ամաց» արտահայտությունը նպատակահարմար է հասկանալ ոչ թե «մի քանի տարի անց», այլ՝ «որոշ ժամանակ» կամ «ամիսներ անց» իմաստով։ Իսկ 1331 թվականը վերաբերում է ոչ թե վարպետի տեսողության վերականգնմանը, այլ միայն հիշատակարանի գրության տարեթվին։

ՏԱԹԵՎԻ ՎԱՆՔԸ՝
ՍԲ ԵՎՍՏԱԹԵՈՍ ԱՌԱՔՅԱԼԻ ՈՒԽՏ

Սյունյաց հոգևոր-մշակութային կենտրոն Տաթևի վանքի պատմության ուսումնասիրման համար առաջնային սկզբնաղբյուր է պատմագիր Ստեփանոս Օրբելյանի պատմագիրքը (գրված՝ Նորավանքում, 1297 թ.): Պատմագիրը մանրամասն նկարագրում է Տաթևի վանքի Կաթողիկե եկեղեցու կառուցումն ու Սբ Պողոս-Պետրոս առաքյալների նշխարների ամփոփումը տաճարի զույգ մույթերի հիմքերում՝ չհիշատակելով Քրիստոսի կամ Սբ Թադեոս առաքյալի ենթադրյալ աշակերտ Սբ Եվստաթեոս-Եվստաթե-Ստաթեին: Վերջինիս անունը վկայված չէ նաև վաղ շրջանի մատենագրական և վարքագրական աղբյուրներում, այլ միայն 15-րդ դարից ի վեր:

Տաթևում Սբ Պողոս-Պետրոս առաքյալների անունների քողարկման և վանքը ենթադրյալ Սբ Եվստաթեոս առաքյալի անվան հետ զուգակցման բուն պատճառը կարելի է պայմանավորել ժամանակի եկեղեցաքաղաքական պայմանների թելադրանքով, երբ Կիլիկիայում գտնվող կաթողիկոսական աթոռի որդեգրած լատինամետ դիրքորոշման հետևանքով Սյունիքում ընդլայնվել էր ունիթորական շարժումը՝ Նախիջևանի Քռնա կենտրոնով: Այս տեսանկյունից, թերևս, սխալված չենք լինի, եթե ասենք, որ այդ էր Սյունյաց հոգևոր և եպիսկոպոսանիստ կենտրոնն առաքելադիր հռչակելու հիմնական պատճառը:

Ինչ վերաբերում է Տաթև տեղանվանը, ապա այն քանիցս հիշվում է մատենագրական և վիմագրական աղբյուրներում, որոնցից վաղագույնը, թերևս, «Ներսեսյան» գահնամակում պահպանված տոհմանունն է՝ «Տաթևյանք», ապա նաև Օրբելյանի վկայությունները, 13-14-րդ դդ. ձեռագրերի հիշատակարաններն ու վանքի ժամանակամերձ վիմագրերը, այսինքն՝ Տաթև տեղանունը վավերացվում է դեռևս վաղ միջնադարում և հետագա դարերում: Սբ Եվստաթեոսի անվան շուրջ հյուսված ավանդության ու դրա կրոնական-քաղաքական դրդապատճառներից զատ, վանքի Կաթողիկեն այսօր նորից իր սուրբ առաքյալների՝ Պողոսի և Պետրոսի անունն է կրում, իսկ Սբ Եվստաթեոսի անվան հետ են կապում միայն վանքի պարսպից դուրս՝ հյուսիսարևելյան կողմում գտնվող կիսավեր հուշակառույցը: