Ցեղասպանության պայմաններում զոհի և դահճի առճակատումը դուրս է գալիս ֆիզիկական բնաջնջմանն ուղղված պարզ գործողությունների սահմաններից՝ վերածվելով անհաշտ գոյաբանական պայքարի։ 1915-1918 թթ.․ դրա ականատեսը դարձած «Մշակ» և «Տաճար» պարբերականների ներհակ դիրքորոշումների համեմատական քննություն է ներկա հրապարակումը, որում բախվում են երկու հակադիր մոտեցումներ. եթե Թիֆլիսի հայ մամուլը լուսարձակում էր ոճրագործի քաղաքական պատասխանատվությունը, ապա պոլսահայ հարթակում տիրապետող էր դառնում ինքնամեղադրման վտանգավոր միտումը։ Հոդվածում Կ. Յասպերսի և Պ. Ռիկյորի հայեցակարգերով հիմնավորվում է, որ զոհի կողմից սեփական «մեղքի» արհեստական ընդունումը մի կողմից՝ բացարձակ ճնշման, իսկ մյուս կողմից՝ սուբյեկտայնության փոշիացման հետևանք է։ Այս գործընթացը, որի առանձին դրսևորումները արձանագրվում են նաև մեր օրերում, կարելի է բնորոշել ցեղասպանության շարունակական արարք։ Նրա նպատակն է զրկել զոհին ինքնապաշտպանության բարոյական իրավունքից և լեգիտիմացնել դահճի գործողությունները։
Tag Archives: ցեղասպանություն
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ
Արդի հայագիտությունը 2024 թվականին արգասավորվեց գերմանալեզու մի արժեքավոր աշխատությամբ, որի համահեղինակներն են վաստակաշատ հայագետներ գերմանացի պրոֆ․ Թեսսա Հոֆմանը և նորվեգացի դր․ Վինֆրիդ Կ․ Դալմանը։ «Հայաստանի աշխարհաքաղաքական ճակատագիրը․ անցյալ և ներկա» վերնագրով ստվարածավալ աշխատությունն ինքնատիպ և խիստ արժեքավոր է մի շարք տեսանկյուններից։ Նախ՝ դրանում ներկայացված է հայ ժողովրդի ամբողջական պատմությունը ակունքներից մինչև մեր օրերը, ընդ որում՝ գիտական լուսաբանում են ստանում տարբեր դարաշրջանների վերաբերող այն հարցերը, որոնց շուրջ օտար ուսումնասիրողների տեսակետները միշտ չէ, որ անկողմնակալ են եղել։ Երկրորդ՝ աշխատությունը բաղկացած է երկու բաժիններից և 18 գլուխներից. առաջին բաժնի տասը գլուխներում ներկայացված է հայոց հազարամյակների պատմությունը ընդհուպ մինչև Հայաստանի երրորդ հանրապետության հռչակումը, իսկ երկրորդում ութ գլուխներով լուսաբանվում են դրան հաջորդած մոտ երեսունհինգ տարվա իրադարձությունները։ Դա ինքնին փաստում է, թե հեղինակների համար որպիսի կարևոր առաջնահերթություն է եղել հաղթանակներով և պարտություններով, նաև չլուծված խնդիրների առատությամբ բնորոշվող նորագույն շրջանի հետազոտությունը, որի առանցքը կազմում են Արցախյան հակամարտությունն ու դրա համատեքստում ծավալվող իրադարձությունները։ Գրքի կարևոր արժանիքն է նաև այն հանգամանքը, որ շարադրանքը ծայրից ծայր «քարտեզագրված» է։ Այլ կերպ ասած՝ տարբեր ժամանակաշրջաններում Հայաստանը ներկայացնելիս պատկերված են նաև համապատասխան քարտեզներ, որոնցով նյութի մատուցումն ավելի առարկայական, իսկ հեղինակային եզրակացութուններն ու ընդհանրացումներն՝ անառարկելի են դառնում։
Աշխատությունը, որում բազմակողմանիորեն լուսաբանվում են ոչ միայն Հայաստանի և արցախյան հակամարտության, այլև հայկական սփյուռքի պատմությունը, մի յուրօրինակ հանրագիտարան է կամ դասագիրք նրանց համար, ովքեր կցանկանան խոր և ամբողջական գիտելիքներ ձեռք բերել ինչպես այդ հարցերի, այնպես էլ դրանց համատեքստում տեղի ունեցած տարածաշրջանային ու միջազգային իրադարձությունների վերաբերյալ։