Tag Archives: Նախիջևան

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ՁԵՌՔԲԵՐՈՒՄԸ

Արդի հայագիտությունը 2024 թվականին արգասավորվեց գերմանալեզու մի արժեքավոր աշխատությամբ, որի համահեղինակներն են վաստակաշատ հայագետներ գերմանացի պրոֆ․ Թեսսա Հոֆմանը և նորվեգացի դր․ Վինֆրիդ Կ․ Դալմանը։ «Հայաստանի աշխարհաքաղաքական ճակատագիրը․ անցյալ և ներկա» վերնագրով ստվարածավալ աշխատությունն ինքնատիպ և խիստ արժեքավոր է մի շարք տեսանկյուններից։ Նախ՝ դրանում ներկայացված է հայ ժողովրդի ամբողջական պատմությունը ակունքներից մինչև մեր օրերը, ընդ որում՝ գիտական լուսաբանում են ստանում տարբեր դարաշրջանների վերաբերող այն հարցերը, որոնց շուրջ օտար ուսումնասիրողների տեսակետները միշտ չէ, որ անկողմնակալ են եղել։ Երկրորդ՝ աշխատությունը բաղկացած է երկու բաժիններից և 18 գլուխներից. առաջին բաժնի տասը գլուխներում ներկայացված է հայոց հազարամյակների պատմությունը ընդհուպ մինչև Հայաստանի երրորդ հանրապետության հռչակումը, իսկ երկրորդում ութ գլուխներով լուսաբանվում են դրան հաջորդած մոտ երեսունհինգ տարվա իրադարձությունները։ Դա ինքնին փաստում է, թե հեղինակների համար որպիսի կարևոր առաջնահերթություն է եղել հաղթանակներով և պարտություններով, նաև չլուծված խնդիրների առատությամբ բնորոշվող նորագույն շրջանի հետազոտությունը, որի առանցքը կազմում են Արցախյան հակամարտությունն ու դրա համատեքստում ծավալվող իրադարձությունները։ Գրքի կարևոր արժանիքն է նաև այն հանգամանքը, որ շարադրանքը ծայրից ծայր «քարտեզագրված» է։ Այլ կերպ ասած՝ տարբեր ժամանակաշրջաններում Հայաստանը ներկայացնելիս պատկերված են նաև համապատասխան քարտեզներ, որոնցով նյութի մատուցումն ավելի առարկայական, իսկ հեղինակային եզրակացութուններն ու ընդհանրացումներն՝ անառարկելի են դառնում։

Աշխատությունը, որում բազմակողմանիորեն լուսաբանվում են ոչ միայն Հայաստանի և արցախյան հակամարտության, այլև հայկական սփյուռքի պատմությունը, մի յուրօրինակ հանրագիտարան է կամ դասագիրք նրանց համար, ովքեր կցանկանան խոր և ամբողջական գիտելիքներ ձեռք բերել ինչպես այդ հարցերի, այնպես էլ դրանց համատեքստում տեղի ունեցած տարածաշրջանային ու միջազգային իրադարձությունների վերաբերյալ։

ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԲԱՆԱՀՅՈՒՍՈՒԹՅՈՒՆԸ

«Կովկասի տեղավայրերի ու ցեղերի նկարագրության նյութերի համահավաք ժողովածու» ռուսալեզու մատենաշարի էջերում»

2023 թ. տարեվերջին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ և ՀՀ Գիտության պետական կոմիտեի գործուն աջակցությամբ (21T-6B290 գիտական թեմայի շրջանակներում) լույս է տեսել «Կովկասի տեղավայրերի ու ցեղերի նկարագրության նյութերի համահավաք ժողովածու»-ի 46 հատորներում ամփոփված՝ հայ ժողովրդական բանահյուսությանը վերաբերվող նյութերի ծավալուն ժողովածուն։

Ցարական Ռուսաստանի Կովկասյան ուսումնական շրջանի վարչության նախաձեռնած այս բազմահատոր ռուսալեզու մատենաշարը հրատարակվել է Թիֆլիսում 1881-1915 թվականներին։ Լույս են տեսել 44 հատորներ՝ յուրաքանչյուրը բաղկացած երկու կամ երեք մասերից, միջին ծավալը՝ 500 էջի սահմաններում: Հայ ժողովրդական բանահյուսության նյութերն այստեղ հրապարակվել են ռուսերենով, հին ուղղագրությամբ: Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով բազմահատորյակի հրատարակությունը դադարեցվել է: Իսկ 1926 և 1929 թվականներին լույս են տեսել մատենաշարի վերջին՝ 45 և 46-րդ թողարկումները, որից հետո այն ամբողջությամբ կասեցվել է ֆինանսական խնդիրների պատճառով: