Category Archives: ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՊՈԵՏԻԿԱՆ ԵՎ ԱՐՀԵՍՏԸ — 2019-1

Ալբերտ Ա. Ստեփանյան
Կատարվել է լրջմիտ աշխատանք այս կոթողային գործը արդի հայերենի եզրաբանությամբ ներկայացնելու, մենաբանելու և իմաստավորելու ուղղությամբ: Եվ հաջողությունն աներկա է: Ապագային թողնելով տեքստի լեզվաիմաստային իսկության քննությունը՝ արդ խնդիր ունենք միայն ներկայացնելու «Պաշտպանականի» տեղը և դերը պատմագիտության կերպափոխությունների համածիրում: Զի համոզված ենք, որ հենց դա է վերջինիս տեղայնացման առաջին և անհրաժեշտ պայմանը մի հասարակությունում, որի պատկերացումները գիտակարգի արեւմտյան ըմբռնումների մասին բավական մոտավոր են:

ԱՐԵՎՄՏԱԿԱՆԱՑՈՒՄԸ ՀԻՆ ԵՎ ՎԱՂ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ՀԱՅՔՈՒՄ — 2017-4

Ամփոփում

Ալբերտ Ա. Ստեփանյան

Բանալի բառեր – հելլենիզմ (հունականություն), քրիստոնեական հելլենիզմ, ռետրո-հելլենիզմ, մշակութային հելլենիզմ, սոցիալական բարեփոխում, Արտաշես I, Տրդատ III, Արշակ II, Պապ, Վռամշապուհ, պատմագիտություն, Եղիշե, Մովսես Խորենացի:

Հոդվածը խնդիր ունի հարադրելու հելլենիզմի հիմնարար արդյունքները հայոց միջա վայրում: Ընդսմին, կարևորվում է հիմնախանդրի դիտարկ ման երկու հարթություն՝ քաղաքական և մշակութային: Առաջին հար թությունը խնդիր ունի բացահայտելու հելլենիզմի կեր պա փո խու թյուններն իր բնօրինակի և երկու տարակերպերի հաջորդակա նու թյամբ՝ քրիստոնեական հելլենիզմ և հետհայաց (ռետրո) հելլենիզմ: Դրանք ներկայացնում են հելլենիզմի երկու ալիքները հայոց միջավայրում՝ Ք.ա. III–I և Ք.հ. IV-V դարեր:

Բնօրինակը դիտ արկված է Արտա շես Ա-ի, քրիստոնեականը՝ Տրդատ Գ-ի, հետհայացը Արշակ Բ-ի և Պապի բարենորոգումների լույսի ներքո: Դրանց հիմնարար ընդհանրությունը ենթադրում էր զորեղ և կենտրոնաձիգ իշխանական կառույց՝ ագուցված քարիզմատիկ արքայական իշխանությամբ: Արդի ընկերաբանության դիտանկյունից (Մ. Վեբեր)՝ դա վարչական պատ րիմոնիա էր՝ միտված վերածվելու ավա տատիրության: Ի հակադրություն վերջինիս, հայոց միջավայրում առկա է նաև ավանդական պատրիմոնիան՝ հիմնված տոհմական (կլանային) կառույցների վրա: Զորեղ արքայական իշխանության պարագայում վերջինս կրավորական էր, մինչդեռ թու լաց ման պարագայում՝ դառնում էր հույժ ներունակ: Այս երկու միտումների բախումը հոդվածում քննարկվում են Արշակ Բ-ի և Պապի կառավարման տարիների փորձառությամբ:

Նախարարական ընդդիմությունը մշակել էր իր քաղաքական ծրագիրը, որը բացառում էր զորեղ արքայական իշխանությունը: Լավագույն դեպքում արքան կարող էր լինել «առաջինը ի թիվս հավասարների»:Կար նաև վատ թար տարբերակ, որն ընդհանրապես բացառում էր նրա իշխանությունը: Այս լույսով՝ Վռամշապուհ արքայի կառավարումը ներկայանում է իբրև լավատեսական տարբերակի մարմնավորում, որը խնդիր էր դրել լրացնել իշխանական բացարձակության կորուստը մշակութային արարմամբ: Ի վերջո, սակայն, հաղթանակեց վատթար տարբերակը. հայ նախարարների նախաձեռնությամբ 428 թվականին Տիզբոնում դատ կազմակերպվեց արքա Արտաշես/Արտաշիրի նկատմամբ: Եվ անկեց հայոց Արշակունյաց պետությունը:

Առավել ընդհանրական բնութագրմամբ՝ 4-րդ դարի վերջը — 5-րդ դարի սկիզբը հայոց միջավայրում ներկայանում է նաև իբրև անցում իշխանակենտրոն քաղաքակր թական կա ռույ ցից դեպի մշակութակենտրոնություն: Այն մշակութային հելլենիզմի տա րա կերպն էր և կազմում է հիմնախնդրի մեր լուսաբանման երկրորդ հարթությունը: Տրդատ Գ-ի և Գրիգոր Լուսավորչի անդուլ ջանքերով կյանքի կոչված հայոց Դարձը դարձավ այն խթանը, որը միավորեց Քրիստոնեական վարդապետությունը, հելլենիստական իմաստությունը և հայոց ավանդական մշակույթը: Իսկ Մաշտոցի և Սահակ Պարթևի շնորհիվ գիրը, տեքստը և գիրքը դարձան հայոց համակեցության կարևորագույն բաղադրիչներ:

Հոդվածում քննարկվում է հայոց միջավայրում հելլենիզմի երկու ալիքների ժառանգականության հիմնախնդիրը մշակույթի ամենատարբեր ասպարեզներում՝ քերականություն և ճարտասանություն, իմաստասիրություն և աստվածախոսություն, գրականություն և պատմագրություն: Հատ կապես շեշտադրված է պատմագրությունը՝ նկատի առնելով դրա կարևորագույն դերակատարությունը ազգային ինքնության կայացման և կերպափոխության գործում: Այն դիտարկված է ժանրային-սեմիոտիկ և իմաստային բազմազանու թյուն ների տեսքով՝ պարառելով պատմական պատումն իր կարճ և տևական, տեղական և համ ընդգրկուն, էպիկական և բանական, բնազանցական և թատերային ըմբռնումների համածիրում: Իբրև ասվածի թանձրացումներ ներկայացված են հայոց հելլենիզմի երկու ալիք ների խոշորագույն պատմագրական տեքստերը՝ հեղինակված, մի կողմից, Մետրոդորոս Սկեպսացու և Արտավազդ Բ-ի, մյուս կողմից, Եղիշեի և Մովսես Խորենացու կողմից:

ՔՐԴԵՐԸ ԵՎ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ — 2017-3

Գևորգ Ս. Խուդինյան
Թուրքական դատարանի կողմից ցմահ ազատազրկման դատապարտված Աբդուլլահ Օջալանը 2010 թ. դեկտեմբերի 22-ին Իմրալի կղզու իր բանտախցից նամակ էր գրել Ստրասբուրգում գտնվող Մարդու իրավունքների եվրոպական դատարանին՝ հայտնելով եվրոպացի իրավապաշտպան ներին, որ ավարտել է իր հինգ հատորանոց պաշտպանական ճառի վերջին հատորը:

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՊԱՏՄԱԳՐԱԿԱՆ ԿԱՆՈՆԸ ՀԵԼԼԵՆԻՍՏԱԿԱՆ ՀԱՅՔՈՒՄ — 2017-2

Ամփոփում

Ալբերտ Ա. Ստեփանյան

Բանալի բառեր — հելլենիզմ, պատմագիտություն, պրագմատիկ պատմություն, ողբերգական պատմության, Ար մավիրի արձանագրություններ, Արտավազդ Երկրորդ, Մետրոդորոս Սկեպսացի:

Հոդվածը խնդիր ունի լուսաբանելու բանական անցյալահայեցողության երկու կարևորագույն ժանրերի ձևավորումը և զարգացումը հայոց միջավայ րում: Դրանցից առաջինի՝ պրագմատիկ պատմության հետևորդը Մեթրո դորոս Սկեպսացին էր՝ հելլենիստական նշանավոր իմաստասերն ու ճարտա սանը: Նրա «Գործք Տիգրանի» երկասիրության իմաստային ա տաղձը հոդ վա ծում վերականգնված է իր կյանքի և այլ երկերի հատ ու կտոր հատված ների համադրության ճանապարհով: Ստեղծված պատկերը, հարկավ, հիպոթետիկ է, սակայն՝ արժանահավատության աներկբա պաշարով: Համաձայն դրա՝ ա. հեղինակը հայոց տերությունը դիտարկում էր համաշ խարհային պատմության հետնախորքում, բ. օրինականացնում էր այն հելլենիստական քաղաքական իմաստասիրության արժեբանությամբ՝ ներ կայաց նելով իբրև խաղաղության, արդարության և ազգերի հանուր բարօրության միջավայր, գ. դիտարկում էր այն համաշխարհային տերությունների հեր թագայության համածիրում՝ Ասորեստանի, Մարաստանի, Աքեմենյան Իրա նի և Սելևկյան տերության շարքում: Մեթրոդորոսը չտեսավ հայոց տերության անկումը և Հռոմի բարձրացումը Արևելքում: Չտեսավ նաև այն, որ վերջինս սկսեց իրեն վերագրել այս հերթագայության վերջին կարևոր բաղադրիչի դերակատարությունը:

Ողբերգական պատմության հետևորդը Արտավազդ Բ-ն էր (55 — 34 թթ.), որ ստացել էր հիմնավոր կրթություն և ծա նոթ էր հելլենիստական իմաս տասիրության, ճարտասանության և գեղա գի տության կարևորագույն նվա ճումներին:

Հակառակ Արիստոտելի՝ Պերիպաթետիկների դպրոցում կային մտածող ներ, որոնք դեմ էին պատմության դերի թերագնահատմանը՝ համոզված, որ այն ի զորու է բացահայտելու իրականության բնազանցական խոր քերը: Պատմության թատերայնացումը նրանք դիտարկում էին հենց այս տեսանկյունից: Արտաշատի արքունիքում կազմակերպված հանրահայտ թատերական ներկայացումը հիմք է տալիս մտածելու, որ Հայոց արքան համամիտ էր այս ուղղության կողմնակիցների հետ: Ավելին, մանրակրկիտ քննությունը ցույց է տալիս, որ Կրասսոսի պարթևական արշավանքի մասին պատմող Պլուտարքոսի տեքստը կազմված է ըստ ողբերության կանոնի, և որ դրա հեղինակն ամենայն հավանականությամբ արքան էր: Ի մաս նավորի դրանով կարելի է բացատրել այն առանձնահատուկ վերաբերմունքը, որն ուներ պատմագիրը նրա անձի և երկերի վերաբերյալ:

Պատմության ողբերգական և պրագմատիկ ըմբռնումները միայն դարեր անց, 5-րդ դարում, վերընձյուղվեցին հայոց քրիստոնեական հելլե նիզմի մշակութային միջավայրում: Եվ ասվածի լավագույն դրսևորումը Եղիշեի և Մովսես Խորենացու պատմական երկերն են:

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԼՈՒՍԱՎՈՐ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ. — 2016-4

Եղիշեի և Մովսես Խորենացու գրույթների վերիմաստավորման փորձ

Ամփոփում

Բանալի բառեր — Եղիշե, Մովսես Խորենացի, Ոսկեդար, հելլենիստական քրիստոնեություն, զրադաշտականություն, Մեծ ապստամբություն, պատմության էպիքական ընկալում, ողբերգական պատմություն, համադրական պատմություն, հակառակ հեռանկար, պատմագիր, ուսյալ ընթերցող:
Հոդվածը խնդիր ունի լուսաբանելու Եղիշեի և Մովսես Խորենացու պատ մահամակարգերը համադրական պատմության ժանրի շրջանակներում: Ժանր, որ միտված էր ի մի բերելու պատմության էպիկական և բանական (ռացիոնալիստական) ընկալումները մի նոր՝ բնազանցական (մետաֆիզիկական) համակարգի մեջ: Վերջինս կոչված էր խնդրարկելու անցյալը ոչ այն լույսով, թե «ինչ եղել է», այլ՝ «ինչ կարող էր լինել ըստ անհրաժեշտության և պատահականության»:

Արիստոտելյան «Պոետիկայից» բխող այս մոտեցումը լայն տարածում ուներ հելլենիստական մտավոր միջավայրում: Ներմուծվել էր Մեծ Հայք տակավին Արտավազդ Բ-ի ժամանակ, իսկ հունաբան մտավորականների ջանքերով դարձել պատմության ընկալման հույժ ներունակ հարացույց:

Այս լույսի ներքո Եղիշեի պատմությունը ներկայանում է իբրև մի ծավալուն պատմական ողբերգություն՝ իր հստակ ուրվագծված խաղընթացով՝ սկիզբ, զարգացում և ավարտ-մաքրազերծում (կատարսիս): Այդ ծիրում պատմությունը զարգանում է համակեցական քաոսի սկզբնավորումից (Հազկերտ II-ի բռնությունները և Հայոց պատերազմի սկիզբը) դեպի ծայրահեղ ծավալում-բևեռացում (Ավարայրի ճակատամարտ, հայոց ավագանու և հոգևոր դասի կտտանքներ) և ապա դեպի խաղաղության ու բարեկարգության վերականգնման քայլեր: Հոդվածում ցույց է տրվում, որ պատմության ընկալման նման հարացույցն իր զուգահեռներն ունի նաև զրադաշտական կրոնամիստիկական պատմատեսության մեջ՝ գումեզիշն (չարի և բարու միախառնում), վիզարիշն (չարի և բարու ծայրահեղ բևե ռացում և բախում), ֆրաշակարտ (աստվածային դատ և հավերժական խա ղաղության վերականգնում):

Այլ է Խորենացու պարագան. նա խնդիր ունի իմաստավորելու հայոց պատմության ողջ ընթացքը՝ սկսյալ Ջրհեղեղից և Հայքի հիմնումից մինչև իր օրերի ընկերային քաոսը: Ժամանակի այս երկար տևողությունը Խորենացին նույնպես դիտարկում է պատմահայեցողության երեք զուգահեռ հա րացույցների լույսով՝ էպիկական, բանական և բնազանցական: Էպիկական հարացույցը հանդիսանում է պատմական էոնի տեսքով՝ ներփակ բոլորակ, որ ծավալվում է «քաոսից քաոս» հետընթաց ծավալումով: Բանական հարացույցը հատկանշում է պատմության առաջընթաց շարժումը՝ տոհմական կենցաղից դեպի պետականություն և քրիստոնեական ուխտ Աստծո: Վերջինիս ներհատուկ է մարդակերպություն ըստ կայացման երեք շրջափուլերի՝ մանկություն (մարմնականություն), առնացիություն (հոգեկանություն) և ծերություն (ոգեկանություն): Դրանք համապատաս խանում են Պատմության երեք գրքերին: Բնազանցական հարացույցը խնդիր ունի հարադրելու պատմության այս տարամետ ընկալումները: Համաձայն դրա՝ պատմության ծիրում հույժ կարևոր են խոշոր անհատականություններն իրենց ստեղծագործ եռանդով, գաղափարներով և կամքով: Բազմաչափ անցյալին նրանք հաղորդում են կառուցիկ ալգորիթմ՝ նախանշելով քաոտիկ վիճակների հաղթահարման հարացույցներ: Հայսմ բացահայտվում է պատմագրության կիրառական դիտանկյունը, քանզի անցյալի ուսումնասիրությունը համարվում է նման գիտելիքի իրական աղբյուր: Բնազանցական դիտանկյունից հայոց պատմությունը ներկայանում է իբրև ծնունդի (Հայկ) և վերածնունդների շարք (Վաղարշակ Արշակունի, Արտաշես Վերջին, Տրդատ Մեծ): Այս տրամաբանությունը հուշում է, որ «Ողբում» նկարագրված քաոսը նույնպես հաղթահարելի է մտահոգևոր և կամային համակարգված ճիգերի պարագայում: Որպես նման ըմբռնման արգասիք պետք է նկատել պատ մահոր Պատմությունը, որը, բացի զուտ տեսական-հետազոտական նպա տակից, ունի կիրառական նպատակ՝ տալ ուսյալ ընթերցողին ունակու թյուն կառուցակազմելու պատմության հեռանկարը՝ զերծ քաոտիկ ընդհատումներից և ճգնաժամերից:

Նման մոտեցմամբ՝ Եղիշեի, և Խորենացու պատումները ներկայանում են իբրև գործք արժանափառք՝ հանգույն խոշորագույն այրերի հասարակաշինական նորագործությունների: Առաջինի պարագայում պատմությունն սկսվում է քաոսից և ավարտվում կարգի վերահաստատմամբ: Երկրորդի պարագայում թե՛ քաոսը, թե՛ կարգը հավասարապես ներհատուկ են պատմու թյանը: Նրա ընթացքը շատ առումներով կախված է իր ընտրյալ կրողների ընտրությունից և ստեղծագործ կամքից: Զի մարդն Աստծո պատկերն է:

ԱՆՆԱԼՆԵՐԻ ԴՊՐՈՑԻ ԱՅԼԱՑՈՒՄԸ. «ՆՈՐ ՊԱՏՄԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» — 2016-2

Սմբատ Խ. Հովհաննիսյան
Արդեն առիթ ունեցել ենք անդրադառնալու պատմագիտական մտքի՝ անընդմեջ ճգնաժամային իրավիճակներում հայտնվելուն, որը միշտ հանգեց նում է մտահոգևոր փոխակերպությունների1: Աննալների դպրոցի Երրորդ սերնդի դեպքում այն արգասավորվեց նախ և առաջ «քանակային» և «շա րային» պատմությունների, իսկ ապա (դրան զուգահեռ)՝ «մտա կեցվածք ների», «պատմական մարդաբանության» և «հիշողութենական պատ- մու թյան» մշակմամբ: